Հանրապետության բոլոր մարմինները պետք է աշխատեն նույնականացման քարտերով և քաղաքացիներին սպասարկեն դրանցով` առանց անձնագիր պահանջելու: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ 2014 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը և քաղաքացիներն իրենց անհատական հաշիվները պետք է ստուգեն միայն նույնականացման քարտերով:
«Այսօր մենք հարցադրումներ ենք ստանում, թե արդյոք այդ քարտը հնարավորություն է տալիս քաղաքացուն օգտվել բազմաբնույթ ծառայություններից և արդյոք իրենից չպետք է անձնագիր պահանջեն: Ունենք բողոքներ, որ տարբեր մարմիններում քաղաքացուց բացի նույնականացման քարտից պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին»,- նշեց վարչապետը:
ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը պարզաբանեց, որ օրենքի համաձայն` նույնականացման քարտը ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է և անձնագիր պահանջելը ոչ իրավաճանաչ գործառույթ է: «Այդ մասին բազմաթիվ իրազեկումներ են եղել: Նույնականացման քարտն անձնագրին փոխարինող փաստաթուղթ է»,- ընդգծեց նա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ հայտնեց, որ ուսումնասիրվել են նշված դեպքերը, պարզապես անձնագիր պահանջողները տեղեկացված չեն եղել, որ նույնականացման քարտն անձը հաստատող փաստաթուղթ է:
Տ.Սարգսյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին` կատարել անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի հաջորդ տարվա հունվարի 1-ից բոլոր մարմինները պատրաստ լինեն սպասարկել քաղաքացիներին նույնականացման քարտերով:
Նշվեց նաև, որ նույնականացման քարտ ստանալու համար դիմել է 64 հազար քաղաքացի. 62 հազար քաղաքացի արդեն ստացել են այդ քարտերը:
Իր հերթին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը պարզաբանեց, որ խնդիրն այն է, որ շատ կազմակերպություններ չեն տեղադրել քարտերից տեղեկատվություն ստացող սարքեր, իսկ բանկերի դեպքում անհրաժաշտություն է առաջանում ճշտելու հաճախորդի բնակության վայրը:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է աշխատանքի ու սոցհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այսօրվա դրությամբ հանրապետությունում կա քարտ «ճանաչող» սարքերի անհրաժեշտ քանակություն, մնում է դրանք տեղադրել: