ԵԽ բնականոն աշխատանքը խաթարվել է ՀՀԿ խմբակցության անդամի անպատասխանատու արարքի շնորհիվ

 Հայտարարություն
Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի անպատասխանատու գործունեությունը հանգեցրել է ԵԽ բնականոն աշխատանքի խաթարմանը։ Մասնավորապես, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ՝ սույն թվականի մարտի 14-ին նշանակել է նիստ, որին չի ներկայացել և պատշաճ կարգով չի իրազեկել նիստի մասին հանձնաժողովի անդամներին։ Որի պատճառով խնդիր է առաջացել զեկուցողի և հանձնաժողովի նախագահի միջև, ինչպես նաև՝ նախագծի բնականոն մշակման, քննարկման համար։ Հաջորդ նիստի ժամանակ՝ մարտի 20-ին, հանձնաժողովը, վարման կարգի խախտումով, նախագահի ուղղորդմամբ, օրենսդրական նախագծին առանց պատշաճ հիմնավորման տվել է բացասական եզրակացություն։
Օրենսդրական նախագծի նպատակն է պետությանը, համայնքներին, իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասը օտարերկրյա իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին վարձակալությամբ տրամադրելու կարգում փոփոխություն կատարել։ Օրենսդրական նախագծի հեղինակները գտնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահով և անվտանգ գոյությունը երաշխավորելու նպատակով հարկ է հողերի վարձակալութունը օտարերկյա սուբյեկտներին լինի պետության հատուկ ուշադրության, հոգածության և վերահսկողության ներքո։
ԵԽ «Անկախ» պատգամավորական խումբը այս ամենը համարում է անլուրջ վերաբերմունք ԵԽ գործունեության նկատմամբ և կոչ է անում ԵԽ անդամին ավելի լուրջ վերաբերվել ԵԽ աշխատանքներին։ Դիմում ենք Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը՝ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության երիտասարդ անդամին իրենց ուշադրության և վերահսկողության ներքո պահելու ակնկալիքով։
Հարգանքով՝
ԵԽ «Անկախ» պատգամավորական խումբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում