Նախագահ Սարգսյան. Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: 

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում և միջազգային ասպարեզում իր դերն աստիճանաբար ամրապնդող Աֆրիկյան միության հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ, համագործակցությամբ, հարաբերությունների խորացմամբ: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը և Զամբիան արդյունավետորեն են համագործակցում. Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան մշտապես ցուցաբերել է հավասարակշռված դիրքորոշում:

Դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին շնորհավորանքի համար և ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նրան փոխանցել իր երկրի նախագահի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում