Ծառուկյանը «մարտի է նետել» հայտնի և անհայտ մանկլավիկների.Միհրան Հակոբյան

Հայաստանի վարչապետի օգնական, ՀՀԿ Խորհրդի անդամ, պ.գ.թ. Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձ է կատարել երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրում է’

«Նախորդ օրերին Ազգային Ժողովում Գագիկ Ծառուկյանի հայտնի մանկլավիկների կողմից փորձ է կատարվել հերթական հարձակումը կատարել ՀՀ վարչապետի վրա: Դրանց մենք համարժեք պատասխաններ ենք տվել, որոնք հնարավոր է դուրեկան չեն եղել Ծառուկյանին ու նրա թիմին, քանի որ բացահայտում են նրանց զավեշտալի գործունեությունը, սակայն կարևոր են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերի համար, ովքեր մեր երկրում փոփոխությունների են սպասում:

Նյարդայնանալով դրանից՝ Ծառուկյանը «մարտի է նետել» հայտնի և անհայտ մանկլավիկների իր բրիգադին, ովքեր թաքնվում են տարբեր ֆեյք օգտատերերի անվան տակ և սոցիալական ցանցերից զատ աջակցություն են ստանում ու տարածում գտնում Ծառուկյանի հովանու ներքո գտնվող «լրատվական» կայքերում: Չմոռանանք, որ ըստ մամուլում հայտնված բազմաթիվ տեղեկությունների՝ ԲՀԿ-ական կեղծ օգտատերերի թիվը հասնում է հազարների: Մեր կողմից բարձրացրած հարցերը բացառապես վերաբերում են երկրի զարգացմանը խոչընդոտող գործընթացներին, որոնք կանխելու կամ լուծումներ տալու համար անհրաժեշտ է շարունակել պայքարը մենաշնորհների և կրիմինալի դեմ:

Մենք քաջ գիտակցում ենք, թե որտեղից են ուղղորդվում նման անհասցե, գուցե նաև՝ անհայրենիք օգտատերերը, քանի որ նրանք ի հայտ են գալիս միայն Ծառուկյանի հասցեին հնչած արդարացի քննադատություններից հետո, բայց կոչ եմ անում և պահանջում չիջնել նմանատիպ մակարդակի կամ անձնական վիրավորանքներ հասցնելով՝ փորձել հասարակության աչքում բարձրացնել նախագահական ընտրություններից առաջ և հետո կորցրած վարկանիշը:
Որպես Հայաստանի ապագայով մտահոգված երիտասարդ՝ պահանջում եմ Ծառուկյանի բացատրությունները իմ կողմից բարձրացված հարցերի շուրջ»:

ՀՀ վարչապետի օգնական, ՀՀԿ Խորհրդի անդամ, պ.գ.թ. Միհրան Հակոբյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում