Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին
Նմանատիպ
Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ.
Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու մի´ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. Ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա´ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ,- հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր` անսահմանորեն:
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա´, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի´ր քո երեխաների համար. ինձ մի´անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի´ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի´ նայիր. ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար: Հոգիս խորշում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում». չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված եմ այդտեղ…
Աղաչում եմ քեզ…
Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես:
Դու ինձ համար մեռար, մեռար…
Արտասվելով համբուրում եմ քո գերեզմանը
Եվ ճամփա ընկնում
Նոր Աստված գտնելու…
Ավետիք, 1904 թ
Հետևեք մեզ նաև Telegram-ում