Դանիել Վարուժանի և Արաքսիի սիրո պատմությունը
Նմանատիպ
Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին /1884թ-ի ապրիլի 21/, երբ Դանիելի հայրը`Գրիգորը, Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իր բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա:
Մանուկ Դանիելը շատ հանդարտ էր ու խելոք, բայցև հետաքրքիր ու հարցասեր: Նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից և դեռ փոքրուց աչքի էր ընկնում անհատականությամբ, որը բնականաբար տարիքի հետ զարգանում և կոփում էր նրան, որպես հասարակության մեջ ապրող ու գործող էակ: Աշակերտից մինչև ուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումը Դանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստ վաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա և փոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:
Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապ էր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերի խտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիել արարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդը յուրատեսակ ձեռագրով մատուցողը:
Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչ պատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:
Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:
Նա անկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներ իր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղի ներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելու անզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացող էր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատ ավելի քաղցր, համով-հոտով ու զվարթ էր:
Ահա այսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկ ակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:
Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել Վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:
Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:
Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ:
Սակայն այս հանգամանքը չկարողացավ մեծ արգելք հանդիսանալ, քանզի սա փոքրիկ խոչընդոտ էր այն մեծ սիրո առաջ, որ ծնվեց այս երկուսի հոգևոր կապի, զգայական ներդաշնակության շնորհիվ: Բանականության հրահանգներն իզոււր գտնվեցին սրտերի թռիչքի ու միմյանցով հմայված երիտասարդների սիրո արբեցման դեմ:
Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստել հանրային կարծիքի հետ` մտածելով հետագայի մասին, Արաքսիի նշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերությունների մասին: Փորձում է մոռանալ, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում է նրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում է մտազբաղ, տխուր, երբ սերը կրծում է հոգին:
Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում աղջիկը, որը համարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նա հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:
Արաքսիի ծնողները բանաստեղծի անփոխարինելի տաղանդի փոխարեն կուզենային ոսկի տեսնել: Բայց չէ՞ որ Վարուժանը ամուսնանում էր ո՛չ թե հարստության հետ, այլ մի աղջկա հետ, ում մեջ գեղեցիկ հոգին էր պաշտում: Չնայած նրան, որ Վարուժանի նյութական վիճակը ծանր էր, նրա քնարի համբավը փառքով էր ղողանջում:
Ասում են, որ վարուժանը նույնիսկ ծրագրում է ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն:
Եղածը վերածվում է բանբասանքի և տարածվում ողջ քաղաքով մեկ, ինչն ավելի է խանգարում սիրող զույգին իր համատեղ կյանքին զարկ տալու համար:
Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած, առաջ է գալիս նորը;
Արաքսիի մորեղբայրը` Տիգրան անունով մի մարդ, որ աշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ամեն զոհողությամբ փորձում է բաժանել Արաքսիին և Վարուժանին , և որքան էլ զարմանալի է ու ցավալի նրան այդ հաջողվում է: Նա ծրագրել էր Արաքսիին ամուսնացնել նույն գործարանի տնօրենի` իզմիրցի, վայելչակազմ ու քաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ:
Այս որոշմանը համաձայն էին բոլորը` հարազատ և օտար մարդիկ, ովքեր կարծես տենչում էին խոչնդոտել իսկական սիրո գոյությանը ավանդույթները պահպանելու քողի տակ:
Ինչ վերաբերվում է Արաքսիի համաձայնությանը, ապա բոլորը միաձայն որոշեցին, որ նա պետք է հնազանդվի, ուզի, թե ոչ:
Վարուժանը նոր մոլորության մեջ է ընկնում: Ընկճվում է և օր օրի ավելի տխուր ու անճանաչելի դառնում: Սակայն հոգու խորքում նա վստահ էր, որ սերը հաղթելու է:
Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս և նա նմանվում է վանդակում փակված թռչնակի : Նշանդրեքի օրը Արաքսին կարճ նամակ է գրում Վարուժանին. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:
Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիի փեսացուին, որպեսզի վերջինս իր հպարտությանն ու արժանապատվությանը տեղ տալով վերջապես ազատ թողնի աղջկան:
Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտ աչքերը՝ Լ. Էթֆենտին հուզվում է և վեհանձն ու հպարտորեն պատասխանում, թե ինքը շնորհավորում է Վարուժաննի և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ:
Լուրը կայծակնորեն տարածվում է, իսկ աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել, քանի որ հասկանում են, որ այս երկու սիրահարները պատրաստ են անցնել ցանկացած պայքարի միջով միասին լինելու համար:
Պսակը կատարվում է գյուղական քահանայի ձեռքով առանց նվագի և հյուրերի, բացի մեկ երկու մտերիմ մարդկանցից:
Սակայն Վարուժանի ալեհեր ծնողներն ուզում էին ժողովրդկան թափորով Հարսին ու փեսային առաջնորդել դեպի հայրենի օջախ` Բրգնիկ և մեծ շուքով նշել նորապսակների միությունը: Բրգնիկը լցվում է քեֆ-ուրախության ձայներով, և Վարուժանի ու Արաքսիի սիրո հաղթանակը խոնարհովում է մարդկության առաջ:
Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծ.-ը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը ` Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել: Երեքն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, իսկ աղջիկը` Նյու Յորքում;
Ինչպես հիշում էր Արաքսի վարուժանը , Դանիելը երեկոները առանձնանում էր իր սենյակում, գրում ու սրբագրում, հաճախ մինչև առավոտ աշխատում: Իր ստեղծագործության ժամերին նա երկունքի մեջ էր լինում իր մուսաների հետ: իսկ ուսուցչական ասպարեզը նրա համար անկախ ապրուստի միջոց էր: Նա սիրում էր կնոջ համար կարդալ իր գրությունները` միշտ կարևորելով նրա գնահատաականն ու տպավորությունը:
Բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը: Ապրիլի 11/24-ի երեկոյան , ժամը 11-ն անց, երբ Դանիելը, Արաքսին և երեխաները տանն էին, եկան Դանիելին ձեռբակալելու: Դուռը բացեց Արաքսին և հրելով ներս մտան երեք հոգի` «Էֆենտին ու՞ր է» ասելով: Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները և ինչ-որ գտան, լցրեցին տոպրակների մեջ: Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսիին, որ իր ամուսնուն տանում են, որպեսզի ստորագրի որոշ թղթեր :
Այդ ժամանակ Արաքսին հնգամյա հղիության մեջ էր, և նրանց հարգալից վերաբերմունքը պայմանավորում էր իր առողջական վիճակով: Մինչև առավոտ սպասելուց հետո, Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին:
1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ ծնվեց Վարուժան ամուսինների երրորդ զավակը: Մահն ու կյանքը մեկտեղվեցին՝ վիշտն ու ուրախությունը խառնելով իրար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում