Աշոտ Մանուչարյան. Մեր մեղքը հրապարակի իշխանությունը կորցնելն էր

Այսօր, ըստ պլանավորածի, տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հերթական հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյան ելույթից հետո  ձայն վերցրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: 

Սկսելով իր ելույթը` Մանուչարյանն ասաց, որ 25 տարի առաջ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել և հետ չի կանգնելու, ստեղծելու է իր աշխարհը և այդ աշխարհը այլևս ժամանակ չունի սպասելու:

«Բոլորիս ուզում եմ հիշեցնել, որ ժողովուրդը դուրս է եկել այս հրապարակ, իսկ հրապարակի խորհուրդը մեր ժողովրդի հոգու թռիչքն է: Այս հրապարակը կառավարել է երկիրը և այսօր իր կառավարումը պետք է վերականգնի»,- դիմեց նա հավաքված մարդկանց: «Վերջին տարիներին մենք անդադար կատարում ենք մի սխալ, կատարում ենք մի պրոցեդուրա, որը պետք է ղեկավարի ժողովրդին, և դա փորձում են ներկայացնել որպես ժողովրդի իշխանություն», ավելացրեց նա:

25 տարի հետ գնալով եւ հիշելով 1988թ.-ի շարժումը, Մանուչարյանն ասաց, որ այդ ժամանակ ընտրություններով վավերացվել է ժողովրդի իշխանությունը: «Երբ մենք վերցրեցինք իշխանությունը, պալատներում նստածները իրենց զգում էին կարգադրողներ: Մենք ունեինք կաշառակեր դատախազներ, և անցավ 10 օր, ժողովուրդը դուրս եկավ հրապարակ, և ոչ մի կաշառակեր դատավոր, որովհետև աշխատում էր ժողովրդի հավաքական միտքը»,-շարունակեց նա:

Վերլուծելով անցյալի սխալները` Մանուչարյանը կարծիք հայտնեց, որ այն ժամանակվա իրենց միակ մեղքն հրապարակի իշխանությունը կորցնելն էր: «Սա մի հրապարակ է, որտեղից հնչում է մի կոչ, որ լսի՛ր Հայաստան, որը ոչ թե միայն Հայաստանի Հանրապետությունն է, այլ՝ Արցախը և սփյուռքը և այստեղից մենք ասում ենք. լսիր Հայաստան»,- ասաց նա:

«Հայաստանի քաղաքացիների ժամանակն է եկել, և այս ժողովը պետք է ողջ իշխանությունը վերցնի իր վրա: Ամբողջ Հայաստանը պետք է նստի ժողովի, Հայաստանը դա է, հզորագույն երկիր: Երբ մենք խոսում էինք 88թ.-ին, մեզ լսում էր ամբողջ աշխարհը»,-ավելացրեց Աշոտ Մանուչարյանը և կոչ արեց, որ այս պահից սկսած ոչ ոք այդ հրապարակում չասի բա մյուս միտինգին ինչ է լինելու, քանի որ այդտեղ պատրաստում են հայ ժողովրդի ժողովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում