Ուղերձ ուղերձի համար. Էրդողանը հիշել է «Առաջին աշխարհամարտին կյանքից հեռացած հայերին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ, որը նախորդ տարիների համեմատ թերևս ամենաանհասցեն ու ընդհանրականն է: Նրա ուղերձն ընթերցվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում կազմակերպված արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը, որը հրապարակել է նրա ուղերձն արևելահայերենով և արևմտահայերենով:

Ուղերձում Էրդողանը, խուսափելով պատմական փաստերն արձանագրելուց, խոսել է միայն «Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերի մասին»` ցավակցություն հայտնելով նրանց թոռներին: Ուղերձի հետագա շարադրանքում Թուրքիայի նախագահը կարևորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով, թե հայերը «ինչպես երեկ, այնպես էլ այսօր երկրի հավասար ու ազատ քաղաքացիներն են, կարևոր դեր են կատարում հասարակական, քաղաքական ու առևտրային կյանքում»:

Ուղերձում Էրդողանը հայտնել է, թե իրենք առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու են աշխատանքները` «ուղղված Օսմանյան հայերի հիշողությանն ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն»:

Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցին` Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ դրանք կարճ ժամանակում ավարտվեն` հաջողություն մաղթելով այդ գործում: «Աստծուց ողորմություն եմ խնդրում միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար, ովքեր կյանքից հեռացել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում»,- ասվում է ուղերձի եզրափակիչ հատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում