Դրամը սրընթաց արժեզրկման դրսևորումներ է ցուցաբերում

Ինչ է կատարվում դրամի փոխարժեքի հետ: Սա այսօր մեր երկրի տնտեսությանը վերաբերող թերևս ամենահրատապ հարցն է:

«Հայկական ժամանակը» գրում է, որ դրամը սրընթաց արժեզրկման դրսևորումներ է ցուցաբերում և միայն ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունների արդյունքում է հնարավոր լինում փոքր ինչ մեղմել այդ ընթացքը: Նախօրեին մեկ դոլարի գինը ՀՀ ֆոնդային բորսայում ընդհուպ մոտեցավ 420-ի հոգեբանական շեմին և կազմեց 419 դրամ 20 լումա: Այսպիսի արդյունք արձանագրելու համար ԿԲ-ն շուկա լցրեց մոտ 10 միլիոն դոլար: Հայտնի չէ, թե որքան կարժեզրկվեր դրամը, եթե ԿԲ-ն այդպիսի ծավալների ինտերվենցիա չիրականացներ: 10 միլիոն դոլարով հագենալուց հետո շուկայում երեկ կրկին զգացվել է արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճ: Ճիշտ է, բորսայում մեկ դոլարի գինը նվազել է 70 լումայով և կազմել 418 դրամ 50 լումա, բայց գործարքների ընթացքից կարելի է ենթադրել, որ ԿԲ-ն երեկ նույնպես անմասն չի մնացել և արտարժութային ինտերվենցիա է իրականացրել:

Մի խոսքով, դրամի արժեզրկումը կարծես չի հաջողվում կասեցնել: Եվ սա պետք է տարօրինակ համարել: Եթե նայենք սեզոնայնության տեսակետից, ապա հիմա դրամը պետք է դրսևորեր արժեվորման միտումներ: Ինչպես երևում է առաջին գծապատկերից, որտեղ ներկայացված է 2012 թվականի փետրվարի 22-ից մինչև մարտի 22-ը ընկած ժամանակահատվածում մեկ դոլարի գնի փոփոխությունը, պարզ երևում է, որ մարտի առաջին տասնօրյակից սկսած դրամը սկսում է դանդաղ, բայց արժևորվել: Նույն միտումը արձանագրվել է նաև 2011-ին: Իսկ ինչպես երևում է երկրորդ գծապատկերից, որտեղ ներկայացված է այս տարվա փետրվարի 22-ից մինչև մարտի 22-ն ընկած ժամանակահատվածը, դրամն անընդմեջ արժեզրկվում է, ընդ որում կտրուկ: Միայն նշված ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3 տոկոսով: Այլ կերպ ասած, սեզոնայնության խնդիր չկա: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ իրանցի զբոսաշրջիկների թիվը անցած՝ տարվա համեմատ կիսով չափ նվազել է, ապա դա նույնպես մեծ ազդեցություն չպետք է թողներ, քանի որ դրա արդյունքում մեր շուկան անցած տարվա համեմատ 8-10 միլիոն դոլարով քիչ գումար է մտել: Իսկ դա 3 տոկոսանոց արժեզրկման պատճառ չէր կարող դառնալ:

ՀՀ տնտեսության վիճակը բնորոշող ցուցանիշների ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ դրամը հիմա չպետք է արժեզրկվեր: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 8 տոկոսանոց աճ: Նույնքան պաշտոնապես արձանագրվել է, որ անցած տարին Հայաստանում եղել է տնտեսության 7.2 տոկոսանոց աճ: Այսքանը բավարար է, որ երկրի, տվյալ դեպքում Հայաստանի ազգային արժույթը սկսեր արժևորվել: Բայց սրան պետք է գումարել նաև այն, որ այս տարվա աոաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանումը պաշտոնապես աճել է 30 տոկոսով: Աճել են նաև արտասահմանից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները…:

Եվ ուրեմն ինչ է ստացվում: Տնտեսությունը ծաղկում է, արտահանման աճի շնորհիվ լրացուցիչ արտարժույթ է մտնում Հայաստան, դրան գումարվում է նաև մասնավոր տրանսֆերտների աճած ծավալը… Երկիրը լողում է արտարժույթի մեջ, բայց ազգային արժույթը արժեզրկվում է: Նման բան չի կարող արձանագրվել որևէ նորմալ երկրում, որտեղ պաշտոնական ցուցանիշները չեն կեղծվում: Տնտեսության աճի ու արտարժույթի մուտքերի աճի արդյունքում ցանկացած երկրում ազգային արժույթը պետք է արժևորվի և նման դեպքերում իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ազգային արժույթները արհեստականորեն արժեզրկելու ուղղությամբ: Եվ միայն Հայաստանում է, որ տեղի է ունենում հակառակը՝ միջոցներ են ձեռնարկվում արժեզրկումը կանխելու ուղղությամբ: Երևի դա Սերժ Սարգսյանի ասած «գաղջ մթնոլորտի» պատճառով է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում