Բան գիտեք` ասեք

Արամ Աբրահամյանն «Առավոտ»-ի խմբագրականում գրել է.

«Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքը ես արտահայտել եմ այդ ակցիայի առաջին իսկ օրը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն կամ նույնիսկ ավելի հզոր ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում’ նորմալ սնվելով: Մշուշոտ կրոնա-բարոյական հիմնավորումները ես չեմ հասկանում: Քաղաքական խնդիրներ լուծելու համար սեփական մահով սպառնալը նույնպես իմ գլխում չի տեղավորվում: Որքան գիտեմ, մարդկության պատմության մեջ ոչ ոք հացադուլ չի արել’ նախագահ հռչակվելու կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ պետության առանցքային պաշտոնների պահանջով: Այդ ամենը կարելի է պահանջել առանց որևէ ինքնազրկանքների: Բայց մյուս կողմից’ այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հաջողության չեն հասել իշխանափոխության գործում, դժվար թե իրավունք ունեն ծաղրելու «Ժառանգության» առաջնորդին ու պայքարի նրա մեթոդները:

Այսինքն’ եթե, օրինակ, ՀԱԿ-ի դավանանքը realpolitic-ն է, ապա այդ ռեալիզմը պետք է տարածվի նախևառաջ սեփական գործունեության վրա: Եթե ես չկարողացա գալ իշխանության իմ որդեգրած մարտավարությամբ և ռազմավարությամբ, չհասա ռեալ արդյունքի, ապա դա պետք է որ սահմանափակի իմ քննադատության հնարավորությունները, երբ նմանատիպ իրավիճակում որևէ մեկ այլ գործիչ դիմում է այլ միջոցների: Կամ առնվազն ես պետք է խոստովանեմ, որ սխալվում էի, երբ ընտրություններից առաջ, մասնավորապես, այդ գործչին բնութագրում էի որպես «մարգինալ» և «ռեժիմը լեգիտիմացնող»: Այդ հետադարձ ռեֆլեքսի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի թերություններից մեկն է:

Իհարկե, այդ միջավայրում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ինքնաքննադատական հետադարձ հայացքի (օրինակ’ Կարապետ Ռուբինյանը կամ Հովհաննես Իգիթյանը), և պատահական չէ, որ նրանք համակրում են Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը: Նման մարդկանց դիրքորոշումը, որքան հասկանում եմ, հետևյալն է. «մենք անում էինք այնպես, բայց դա իրեն չարդարացրեց, հիմա գուցե արժե անել այսպես»: Բայց, համաձայնեք, ՀՀՇ-ի mainstream-ն այլ է. մենք միշտ ճիշտ էինք’ թե իշխանություն և թե ընդդիմություն լինելու ժամանակ, և այս երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ապացուցում է մեր հանճարեղ կանխատեսումների ճշմարտացիությունը: Այդ «կանխավարկածից» ելնելով’ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն ենթարկվում է ոչ պատշաճ հարձակումների, ինչպես որ դա մեր թերթում արեց Գյումրիի ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Եթե գիտեք, թե ինչպես է պետք դուրս գալ այդ փակուղուց, ասեք: Եթե չգիտեք’ զբաղվեք մայրաքաղաքի ավագանու ընտրություններով: Այսպես ասած’ լեգիտիմացրեք Երևանի ապօրինի իշխանությունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում