Հայկ Դեմոյանը իրեն նոր տիտղոսներ ավելացնելու խնդիր չունի

Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված ցուցակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը գրանցված է յոթերորդ հորիզոնականում, ինչը քննադատական վերաբերմունք է առաջացրել ընդդիմության որոշ ներկայացուցիչների մոտ:

Դեմոյանը իր այդ քայը մեկնաբանեց այսպես. «Ավագանու անդամ դառնալը զուտ միջոց է աշխատանք անելու, համագործակցելու քաղաքապետարանի հետ: Ես ցուցակում կամ որպես անկուսակցական»:

Ավագանու անդամ դառնալու մյուս պատճառն էլ անյ է, որ Դեմոյնաը ղեկավարում է մի կառույց, որը մայրաքաղաքում ամենախոշոր կանաչ տարածքն է ընդգրկում: «Ամբողջ կանաչ զանգվածի, մայրաքաղաքի էկոլոգիական անվտանգության տեսակետից շատ կարևոր համարվող մասը՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգին, պետք է ամբողջովին կանաչապատվի և բնապահպանական առումով դառնա քաղաքացիների համար սիրված հանգստի գոտի»,- ասաց նա:

«Մոտակա երկու տարիներին որտե՞ղ են լինելու խոշոր միջոցառումներ: Մայրաքաղաքում: Ցեղասպանության 100-ամյակի կապակցության միջոցառումների շրաջանակներում Ծիծեռնակաբերդի այգին ահռելի մեծ ծավալի աշխատանքներով վերածվելու է պարկային գոտու՝ հանգստի համար: Վերականգնվելու է կանաչ զանգվածը, հողեր առողջացման աշխատանքներ են տարվելու:

Հայկ Դեմոյանն ասաց, որ իրենք պարզապես չեն խոսում, թե վերջին վեց տարիների ընթացքում ինչ աշխատանք է տարվում այդ տարածքը կառուցապատումից զերծ պահելու, կանաչ տարածքը, ոռոգման ցանցը պահպանելու ուղղությամբ:

«Այս աշխատանքը արվում է շատ համեստ, «առանց կրակոցների», առանց թմբկահարումների: Ես հետևում էի Մաշտոցի պուրակի այդ իրադարձություններին և հասկանում էի այն երիտասարդներին, ովքեր հավաքվել էին այնտեղ: Իհարկե, գովելի է, որ կար բարձրաձայնում, հասարակական հնչեղություն, և ուրախ եմ այն արդյունքներով, որ այսօր կա: Բայց եկե՛ք չմոռանանք, որ Ծիծեռնակաբերդի զբոսայգին քսանապատիկ , եթե ոչ ավելի, Մաշտոցի պուրակն է, որն այսօր պահվում է թանգարանի ջանքերով»:»,-մանրամասնեց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ այն պահին, երբ ստանձնեց թանգարանի ղեկավարի պաշտոնը՝ տարածքը վտանգված էր:

Այս աշխատանքները կարելի է անել և որպես թանգարանի տնօրեն, բայց ավելի շահեկան ինձ համար կլինի, որ ես կարողանամ իմ աշխատանքի հետ, և ժամանակի ռեսուրսի առումով, և աշխատունակության, լինել աշխատանքային թիմի մեջ», – ասաց թանգարանի տնօրենը:

Եվ վերջում նա կրկին նշեց, որ երբեք որևէ քաղաքական մեկնաբանություն իրեն թույլ չէր տվել.«Ես աշխատում եմ մի բան փոխել հօգուտ ընդհանուր շահերի: Դա իմ համար առաջնորդող ուղենիշի նման մի բան է, երբ ես կարող եմ ծառայել պետական շահի համար: Այդ առումով ես պատրաստ եմ համագործակցել և Հանրապետայան կուսակցության, և «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության կամ «Ժառանգության» հետ, որոնցից յուրաքանչյուրի մեջ ես ունեմ լավ ընկերներ և ոչ թե հակառակորդներ»:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում