Չքաղաքականացնե՛լ հերթական զորավարժությունը. ՊՆ

Բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա և ժամերի ճշգրտությամբ: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-երն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները: Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և չքաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը»,- մեկնաբանելով երեկվա հանրահավաքում «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ՊՆ-ի կողմից իրականացված պլանային հավաքների անցկացման վերաբերյալ հնչեցրած հայտարարության, նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Երեկ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել էր, որ այս օրերին պահեստազորի եռամսյա հավաք են սկսել, իրենց շարժման տղաներին զորակոչելու համար:

Արմեն Մարտիրոսյանը ասել էր, որ ինքն էլ կմիանա այդ հավաքին, մեկ ամիս էլ ավելի կմնա, բայց դիմում է պաշտպանության նախարարությանն ու հորդորում, որ պետք չէ նման բաներ անել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում