Շիրա´զ ջան, քու ցավը տանեմ, եկել եմ, որ մոտիկից քու կենացդ խմեմ

Ավետիք Իսահակյանի մահվան տարելիցին, որին մասնակցում էին նաև Շիրազն ու մի քանի գրաքննադատներ, ներկաներից մեկը չէր ցանկանում առիթը բաց թողնել Շիրազի կենացը խմելու համար:

Սեղանի մյուս ծայրից նա անընդհատ ձգվում էր, ուզում էր բաժակը շրխկացնել, բայց չէր ստացվում: Վերջը դիմում է համարձակ քայլի. կանգնում է սեղանի վրա և, խորտիկները կոխ տալով, մոտենում Շիրազին.

-Շիրա´զ ջան, քու ցավը տանեմ, եկել եմ, որ մոտիկից քու կենացդ խմեմ: Դու շատ մենծ մարդ ես ու մենծ գրող: Հմը՜…խասյաթդ քիչմը ք… է:

Շիրազն իրեն չի կորցնում և պատասխանում է.

– Էդ ըսածիդ առաջին մասը ամեն տեղ տարածիր, իսկ երկրորդ մասը պահիր բերանիդ մեջ և ատամներդ ամուր սեղմիր վրան:

Ներկաները քահ-քահ ծիծաղում են և տեղերից բղավում.

– Տասով զրո’ հօգուտ Շիրազի:

 

Մի անգամ երևանյան սրճարաններից մեկում Շիրազը արքայավայել սուրճ էր խմում, երբ նրան է մոտենում մի գրաքննադատ և ասում.

– Շիրազ ջան, քեզանից պիտի խնդրեմ քո կյանքի և գրական գործունեության վերաբերյալ առանձին տվյալներ:

– Իսկ ինչո՞ւ,- հարցնում է Շիրազը:

– Քո մասին մի գիրք եմ գրելու,- պատասխանում է գրաքննադատը:

– Դու նապաստակի սիրտ ունես, ինչպե՞ս ես առյուծի մասին գիրք գրելու: Իմ մասին գիրք գրողը նախ պետք է լավ հասկանա իմ գործերի բուն ոգին, ապա կարենա տասնյակ «պատռած» բերաններ փակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում