Մտավորականները հավատում են Սերժ Սարգսյանին

«Գուցե շատերի համար ոչ այնքան հաճելի էին այդ պարզաբանումները ստանալը, բայց բացահայտվեց այն, ինչի մասին խոսակցություններ էին գնում՝ խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին է: Այս հարցը կարելի է համարել փակված, քանի որ ամեն ինչ ասված է ու ասված է անկեղծ»,- անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած մամուլի ասուլիսին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

Ըստ Մարտին Վարդազարյանի’ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահը տվեց բոլոր հարցերի պատասխան:

Նախագահի անկեղծ լինելու մասին խոսեց նաև գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա նշեց, որ նախագահը շատ անկեղծ էր լրատվամիջոցների հետ, ամենակարևորը՝ խոսում էր բանավոր ու զգացմունքային էր:

«Իմ գնահատականը շատ բարձր է հարցազրույցից։ Ներքին հպարտություն ապրեցի, որ ընտրել ենք նախագահ, որը ոչ միայն իր երկիրը լավ գիտի, այլ նաև սիրում է իր ժողովրդին: Այսքանից հետո անընդհատ ասել, թե հաղթել է ժողովուրդը մի տեսակ տարօրինակ է թվում, ստացվում է, որ ժողովրդի այն հատվածը, որը ձայն է տվել նախագահին , ժողովուրդ չէ՞»,-ասաց նա:

Նա մեջբերեց հայ մեծ գրող Հովհ. Թումանյանի դեռևս 1909-ին ասված խոսքը. «Այսօր բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց ժողովուրդը գիտի ինչ է որոշել, ժողովուրդն է, որ պետք է ասի, ժողովուրդը չի ների: Ու՞ր ես ժողովուրդ քեզ էլ են կեղծում»:

«Այս ցավը, տխուր պատկերը մեր ժողովրդի մեջ արդեն 120 տարի է շրջում է, գուցե դեռ ավելին: Ի՞նչ իմաստ ունի պառակտող խոսքեր ասել, այդ խոսքերով հանում ենք ժողովրդի մի մասին մյուսի դեմ: Րաֆֆին երիտասարդ է, թող գնա տուն, զբաղվի մի գործով, թող էլի շարունակի մնալ քաղաքականությամբ: Ճիշտ կլինի, որ հացադուլը դադարեցնի ու գնա տուն, պետք չէ հոգս դառնալ ժողովրդի համար: Վերջին հաշվով ինքը մեր տղան է»,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Մարտին Վարդազարյանն էլ իշխանությանը պաշտպանելու միտումը բացատրեց նրանով, որ ինքը ոչ մի իրական նախընտրական ծրագիր չի տեսել, բացի Սերժ Սարգսյանի ծրագրից, որի մի մասն արդեն իրականացված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում