Հայաստանը պայքարում է օլիգարխիայի դեմ թե՞ ոչ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, այսօր Ազգայի ժողովում հարց ուղղեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին: Վերջինս հարցնում էր, թե արդյոք Հայաստանում օլիգոպոլիայի դեմ պայքար կա թե՞ ոչ:

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանում օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի լինեն գերիշխող դիրք ունեցողներ, ինչպես բոլոր մյուս երկրներում է: «Մեր խնդիրն է թույլ չտալ գերիշխող դիրք ունեցողների կողմից չարաշահումներ, այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել մի շարք դեպքեր ենք հայտնաբերել ու պատասխանատվության կանչել», -հավելեց Շաբոյանն ու հիշեց օրինակ դիզվառելիքի շուկայում նախորդ տարի կատարված ուսումնասիրությունը:

Մելքումյանի հաջորդ հարցը Հայաստանում ֆրանսիական խոշորագույն «Carrefour» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղի բացման մասին էր, որը անհայտ պատճառներով հետաձգվում է: Արտակ Շաբոյանն ասաց, որ իր ղեկավարած հանձնաժողովին մտահոգել են «Carrefour»-ի բացման շուրջ խոսակցությունները և այդ պատճառով էլ իրենք նամակ են գրել ու հրավիրել «Carrefour»-ի ներկայացուցիչներին մասնավոր և բաց քննարկման: «Սակայն ըստ էության նրանցից մենք մինչ այժմ պատասխան չենք ստացել», -հավելեց Շաբոյանը:
Նշենք, որ ըստ որոշ հրապարակումների, ֆրանսիական խոշորագույն «Carrefour» սուպերմարկետների ցանցը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ճնշմամբ հրաժարվել է Հայաստանում մասնաճյուղ բացել:
Արտակ Շաբոյանը Ազգային ժողովում ներկայացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի գործունեության հաշվետվության ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում