Ընտրությունից հետո հանրային ուշադրությունը բևեռվել է Րաֆֆի Հովհաննիսյանի անձի շուրջ. «Հայազն»

«Հայազն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.
«Հայազն» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրությանը և չի սատարելու առաջադրված ցուցակներից որևէ մեկին:
Նախապես ինքներս էլ նպատակ ունեինք օգտագործել տեղական ընտրությունների ընձեռած հնարավորությունը’ առաջին անգամ հանրությանը ներկայացնելու մեր ամբողջական գաղափարախոսությունը, քաղաքական դիրքորոշումներն ու մարտավարությունը, ինչպես նաև ազգային հեղափոխության տեսլականը և արձանագրել դրանց նկատմամբ ընտրողների նախնական վերաբերմունքը: Սակայն հրաժարվեցինք այդ ծրագրից, քանի որ նախագահական ընտրությունից հետո հանրային ուշադրությունը ամբողջությամբ բևեռվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի անձի շուրջ տեղի ունեցող գործընթացին, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀԿ-ից խլելու հարմար առիթին:
Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության շուրջ համախմբված ընտրազանգվածն արդեն բաժան-բաժան է արված: Իսկ դրա բզկտմանը մասնակցած կուսակցություններն ավելի շատ պայքարելու են միմյանց դեմ, այլ ոչ թե իշխող վարչախմբի: Ուստի, «Հայազնն» այլևս որևէ պատճառ չունի աջակցելու ավագանու ընտրությանը մասնակցող կուսակցություններին:
Ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացնում Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որը հաղթահարելու միակ ճանապարհը մենք համարում ենք Ազգային Հեղափոխությունը, որի նպատակների, գաղափարաբանության, մարտավարության և կազմակերպական կառույցի մասին մեր ծրագրային առաջարկությունը հանրությանը կներկայացնենք ավելի ուշ’ հետընտրական կրքերի հանդարտեցումից հետո:
«Հայազն» կուսակցության վարչություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում