17 հիշարժան փաստ Փարաջանովի մասին
Նմանատիպ
Ֆելինին նրա մասին ասել է․ «Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։ Երբ նա վախճանվեց, Երևան ուղարկվեց մի հուզիչ հեռագիր․ «Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»: Հեռագիրը հղված էր Ֆեդերիկո Ֆելինիի, Տոնինո Գուերայի, Ջուլյետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելո Մաստրոյանիի և Բեռնարդո Բերտոլուչիի կողմից:
1. Իոսիֆ (Հովսեփ) Փարաջանովը՝ Սերգեյի հայրը, նախահեղափոխական Թբիլիսիում համարվում էր ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա իր կարողությունը դիզել էր հնավաճառությամբ, բացի այդ՝ ուներ հասարակաց տուն՝ «Ընտանեկան անկյուն» անվանմամբ։ Հասարակաց տան համար աղջիկներ էին բերում Փարիզից, և Իոսիֆի կինը՝ Սիրանը, անձամբ էր զբաղվում նրանց ընտրությամբ։
2. Երբ Սերգեյը հազիվ 6 տարեկան էր, նրա հորը ձերբակալեցին։ Հեղափոխությունից հետո Փարաջանովների ունեցվածքը բռնագրավեցին, իսկ նրա հոր բիզնեսը որակեցին որպես հանցավոր։ Այդուհանդերձ, Փարաջանով֊ավագը չկարողացավ մինչև վերջ հրաժարվել հնավաճառությունից, ինչի պատճառով հաճախակի հայտնվում էր ազատազրկման վայրերում։
3. Սերգեյ Փարաջանովը միջնակարգ դպրոցն ավարտել է բնագիտությունից ու նկարչությունից ստացած «5»֊երով։ Թեպետ տեխնիկական առարկաներից նա միշտ ստանում էր «3»֊ներ, բայց որոշում է ընդունվել երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, որտեղ սովորում է ընդամենը մեկ տարի։ Իոսիֆ Փարաջանովը որդուն այդպես էլ չներեց այն, որ նա դավաճանել էր ընտանեկան ավանդույթին և հրաժարվել էր հնավաճառի մասնագիտությունից։ Ինստիտուտը թողնելուց հետո Փարաջանովը երկու տարի սովորում է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետում և պարարվեստի ուսումնարանում։ Հասկանալով, որ մշակույթի կենտրոնը Մոսկվան է՝ նա տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա, իսկ հետո ընդունվում է մոսկովյան կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։
Սերգեյ Փարաջանովի կոլաժները
4. Կինոինստիտուտում նա ծանոթանում է իր առաջին սիրո՝ իր ապագա կնոջ հետ։ Գեղեցկուհի Նիգյարն ազգությամբ թաթար էր։ Փարաջանովը նրան պատահաբար տեսնում է հանրախանութում և առաջին հայացքից սիրահարվում է։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Աղջկա ազգականները, իմանալով ամուսնության մասին, Փարաջանովից մեծ փրկագին են պահանջում՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Փարաջանովը չէր կարող վճարել այդ գումարը, և աղջկա եղբայրները որոշում են, որ վերջինս պիտի լքի աղքատ ամուսնուն։ Աղջիկը հրաժարվում է դիմել այդ քայլին, և տեղի է ունենում ողբերգություն․ Նիգյարի եղբայրները նրան նետում են գնացքի տակ։ 1955թ֊ին Սերգեյ Փարաջանովը, ով չէր կարողանում համակերպվել կորստի հետ, Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմն՝ ի հիշատակ կնոջ։
5. Տեղափոխվելով Կիև՝ Փարաջանովը ծանոթանում է շիկահեր գեղեցկուհի Սվետլանա Շչերբատյուկի հետ, ով դառնում է նրա երկրորդ կինը։ Փարաջանովը անսահման սիրում էր այդ ամուսնությունից ծնված իր որդուն՝ Սուրենին։ Այդուհանդերձ, նրանց երջանկությունը երկարատև չեղավ, որովհետև Սվետլանան չէր կարողանում համակերպվել ամուսնու տարօրինակ ապրելակերպի հետ։ Վերցնելով որդուն՝ Սվետլանան հեռանում է, սակայն հետագայում նախկին ամուսինները ողջ կյանքի ընթացքում պահպանում են ջերմ ընկերական հարաբերությունները։
6. Հայտնի է, որ Փարաջանովը յուրաքանչյուրին կարող էր ապշեցնել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ կոտլետներն ափսեի մեջ պիտի դասավորված լինեին որոշակի կարգով, իսկ բաժակը սեղանի վրա պիտի զբաղեցներ հատուկ տեղ։ Փարաջանովը կինոյի ու նկարների անիրական աշխարհից վերցված իր ֆանտազիաները տեղափոխում էր իրական կյանք։ Նա կարող էր շարունակաբար տուն հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Ասում են, մի անգամ նա երկու օր ու գիշեր խնջույք է կազմակերպել կայարանամերձ ռեստորանում՝ վճարելիք գումարը դուրս հանելով կանացի գուլպաներից։ Նա իր ընկերներին ողողում էր շքեղ ընծաներով, թեպետ, իհարկե, երբեմն նաև մտափոխվում էր և այդ ընծաները հետ վերցնելով՝ նվիրում էր ուրիշին։
7. Մի անգամ Փարաջանովը ռեժիսոր Լեոնիդ Օսիկայի կնոջը՝ դերասանուհի Սվետլանա Կնյազևային նվիրում է 50 ժապավենազարդ անձեռոցիկ, ինչ֊որ իրերի կույտ և վրացական ազգային կոստյում։ Նվիրելիս անընդհատ ասում է․ «Է՛հ, սիրո՜ւն ես դու, Սվետլանա»։ Պատահում էր, որ նա որդուն՝ Սուրենին ծանոթացնում էր խորթ մոր հերթական թեկնածուի հետ, բայց այդպես էլ չէր ամուսնանում։ Խոսակցություններ էին պտտվում Փարաջանովի և Վլադիմիր Մայակովսկու երբեմնի սիրեցյալ Լիլյա Բրիկի սիրավեպի մասին, բայց այդ հարաբերությունները երկար ընթացք չունեցան։
«Նռան գույնը», 1968թ
8. Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964֊ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։
9. 1973թ֊ի դեկտեմբերին, երբ Փարաջանովը նկարահանում էր «Հրաշքն Օդենսեում» ֆիլմը, նրան ձերբակալեցին և դատապարտեցին 5 տարվա ազատազրկման՝ համասեռամոլության մեղադրանքով։ Դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում Փարաջանովը կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամները փնտրում են իր բարեհաճությունը։ Կենտկոմում, սակայն, կատակներ չէին հասկանում և որոշեցին ազատազրկել նրան։ Տեղեկություններ կան, որ Փարաջանովի գործով վկաներից մեկը քննիչի հետ զրույցից հետո կտրել է երակները։
10. Փարաջանովը ազատազրկումն անցկացրել է ուկրաինական Վինիցա քաղաքի բանտում՝ աշխատելով որպես արտադրամասի հավաքարար։ Նրա սիրտը հիվանդ էր, նա ուներ շաքարախտ և արյուն էր թքում։ Ի վերջո, նրա թոքերը վիրահատեցին։ Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրեց Պուշկինի դիմանկարը։ 10 տարի անց այդ մասունքը հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքերում․ Ֆելինին այդ նմուշի օրինակով ձուլեց արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերը։ Իր երկրպագուհի Լիլյա Բրիկին, ով այդ ժամանակ գրեթե 80 տարեկան էր, Փարաջանովը մարտի 8֊ի կապակցությամբ ուղարկում է փշալարից և իր սեփական գուլպաներից պատրաստված ծաղկեփունջ։
11. Փարաջանովին ազատ արձակեցին սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի շուտ՝ Լիլյա Բրիկի ջանքերի շնորհիվ։ Վերջինս ֆրանսիացի գրող Լուի Արագոնին խնդրել էր, որ Փարաջանովի համար բարեխոսի Լեոնիդ Բրեժնևի մոտ։
«Աշուղ Ղարիբ», 1988թ
12. Թեպետ ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։ Նա հաճախ էր տեսակցում որդու՝ Սուրենի հետ, ով բնակվում էր Կիևում և սովորում էր ճարտարապետական ինստիտուտում՝ զուգահեռաբար զբաղվելով մանր վաճառքով ու վերավաճառքով։ Սուրենի այս զբաղմունքը հաճախ էր դառնում վեճերի թեմա հոր և որդու միջև։
13. Անգործությունից հուսահատված՝ Փարաջանովն ուղևորվում է Մոսկվա՝ Տագանկայի թատրոնում Յուրի Լյուբիմովի «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացմանը ներկա գտնվելու համար։ Ներկայացումից հետո նա բեմ է բարձրանում և իր ելույթում խորհրդային իշխանությունը որակում է որպես ֆաշիստական՝ «խոստովանելով», թե իր ապրուստն իբր հոգում է Հռոմի պապի ուղարկած ալմաստների հաշվին։ Իշխանությունները չէին կարող «մարսել» նման արարքը և վրացական կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել։ Փարաջանովի դեմ նոր գործ է հարուցվում․ նրան մեղադրում են կաշառք առաջարկելու համար։ Իրականում նա Թբիլիսիի թատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի նախագահին նվիրել էր տոհմական ադամանդապատ մատանի։ Այդ ինստիտուտ էր պատրաստվում ընդունվել Փարաջանովի զարմիկը։ Փարաջանովին վերստին դատապարտում են 5 տարվա ազատազրկման, այս անգամ՝ պայմանական։
14. Հայտնի է, որ Փարաջանովը, առաջին անգամ հայտնվելով արտասահմանում՝ Հոլանդիայում, ձեռք է բերում ամենատարբեր իրեր՝ նկարներից մինչև մոմակալներ։ Այդ ողջ «հարստությունը», որը դժվարությամբ էր տեղավորվում երկու վերելակներում, նա սկզբում տեղափոխում է Մոսկվա՝ հետագայում Թբիլիսի տանելու մտադրությամբ։ Սակայն սեփական իրերը տեղափոխելիս թյուրիմացաբար վերցնում է նաև իր տանտերերի որոշ իրերը, ինչը պատճառ է դառնում, որ նրան մեղադրեն ամենաթողության և փառքից երես առնելու համար։
15. Փարաջանովի համար մեծ ողբերգություն է դառնում իր քույր Աննայի մահը։ Նա սեփական ձեռքերով ձևավորում է դագաղը՝ աննկարագրելիորեն գեղեցիկ տեսք տալով դրան։ Իսկ մի քանի ամիս անց պարզվում է, որ ինքը՝ Փարաջանովը հիվանդ է թոքերի քաղցկեղով։ Մոսկվայում նրան վիրահատում են, սակայն վիճակը չի բարելավվում։ 1990թ֊ին նա ժամանում է Երևան, որտեղ էլ մահանում է 3 օր անց։ Փարաջանովին հուղարկավորում են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։
«Մոռացված նախնիների ստվերները», 1964թ
16. Մեծ ռեժիսորին մասնագիտական ասպարեզում հետևում է ազգականներից միայն մեկը՝ նրա զարմիկ Գեորգի Խաչատուրով֊Փարաջանովը։ Նա նկարահանում է «Բոլորը գնացել են․․․» կարճամետրաժ ֆիլմը, որը Ռիմինիի փառատոնում արժանանում է մրցանակի՝ Ֆելինիի ձուլած արծաթադրամին։
17. Փարաջանովի հարազատ քաղաքում՝ Թբիլիսիում, ցավոք, չի մնացել ոչինչ, որ կարող էր հիշեցնել նրա մասին։ Նրա տունը վաճառվել է ռուս մեծահարուստի, իսկ իրերի, նկարների, գրաֆիկական աշխատանքների ու հանրահայտ գլխարկների պատկառելի հավաքածուն պահպանվում է Փարաջանովի անվան տուն֊թանգարանում, Երևանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում