Կոալիցիայի սկզբունքները Ազատության հրապարակում ու փողոցներում չեն մշակվում

«Պատկերացնո՞ւմ եք, գործը հասնի նրան, որ ԱԱԾ ղեկավար նշանակվի ընդդիմության ներկայացուցիչը, այն էլ այն ուժը, որը իմ կարծիքով ղեկավարվում է դրսից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին արված առաջարկին, հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա նաև ավելացրեց, որ այդ առաջարկն անլուրջ է համարում:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջում է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունում, Հարկային և Մաքսային կոմիտեներում, Ազգային անվտանգության ծառայություններում, Արտաքին գործերի, Կրթության ու գիտության նախարարություններում, Վերահսկիչ պալատում, Արդարադատության խորհրդում և հակակոռուպցիոն հանձնաժողովում նշանակվեն Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները:
«Կոալիցիայի սկզբունքները Ազատության հրապարակում ու փողոցներում չեն մշակվում»,-ասաց նա ու հավելեց, որ աշխարհում չի եղել այնպիսի դեպք, երբ ուժային կառույցները տրվեն ընդդիմությանը:
Պատգամավորն ընդգծեց, որ այդ պաշտոնները պահանջելով Րաֆֆի Հովհաննիսյանը վիժեցնում է իշխանության հետ փոխադարձ փոխզիջման ընթացքը:
«Ինքը պատրաստ չէ բանակցային գործընթացի: Այնպիսի հարցեր է բարձրացնում, որ Սահմանադրությանը հակասում է: Ես ուժային նախարարությունները երբեք այլ կուսակցության չեմ տա: Հատկապես մեր տիպի երկրներում, այդքան անփույթ չեն վերաբերվում այդ կառույցների հետ»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Այնուամենայնիվ, պատգամավորը կայուն է գնահատում Հայաստանի ներքին քաղաքական վիճակը, բայց ոչ բարվոք: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է արտաքին թշնամիներին:
«Իրավիճակից օգտվելու են մեր չուզողները: Սա մեր ժողովրդին ոչ մի օգուտի չի բերելու, բացի վնասից: Ամբողջ աշխարհում համոզված են, որ մեր նախագահը լեգիտիմ ձևով է վերընտրվել»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում