ՉԺՀ-ն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել THAAD ՀՀՊ համակարգի տեղակայումը Հարավային Կորեայում

Չինաստանը պահանջել է անհապաղ դադարեցնել ամերիկյան THAAD (Terminal High Altitude Area Defense) զենիթահրթիռային համալիրը մարտական շահագործման հանձնելու գործընթացը Հարավային Կորեայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: 

«THAAD-ի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Կորեայի Հանրապետությունում այդ համակարգի տեղակայմանը եւ համապատասխան կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործընթացը: Մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մեր շահերի պաշտպանության համար»,- նշել է նա: Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունում THAAD-ը մարտական հերթապահության կանգնեցնելու վերաբերյալ տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հավաստել է երկրում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարության մամուլի ծառայության պետ գնդապետ Ռոբ Մենինգը:

THAAD ցամաքային համակարգը նախատեսված է թռիչքի հետագծի միջին հատվածի ավարտական փուլում եւ թիրախին մոտենալիս բալիստիկ հրթիռների գլխամասերի կալանման համար: Այն կոչված է ապահովելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերի, ինչպես նաեւ քաղաքների եւ կարեւոր օբյեկտների պաշտպանությունն ինչպես փոքր հեռահարության, այնպես էլ ռազմավարական բալիստիկ հրթիռներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում