Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Աջափնյակում մետրոյի կայարան շահագործելու իր պատկերացումը

Երևանի քաղաքապետի թեկնածու, Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ ճանապարհով կարելի է ավարտին հասցնել և շահագորշման հանձնել Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում իրատեսական է համարել Աջափնյակում նոր կայարան շահագործման հանձնելը:

«Ինչպես գիտեք, Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի շահագործման ուղղությամբ արդեն երկար տարիներ աշխատանքներ չեն տարվում: Երևանի ավագանու ընտրությունների մեր նախընտրական ծրագրում կա կետ, որի համաձայն՝ մենք պարտավորվում ենք մինչև 2022թ. շահագործման հանձնել Երևանի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան: Իհարկե, տրամաբանորեն ամենահավանական տարբերակն Աջափնյակ վարչական շրջանի կայարանը շահագործման հանձնելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Փաշինյանը: Նա նախ ներկայացրել է, թե ինչ շինարարական աշխատանքներ են մինչ այժմ կատարվել Աջափնյակ վարչական շրջանի կայարանում և ինչպես է պատկերացնում դրա շահագործումը մինչև 2022թ.:

««Բարեկամություն» կայարանից մինչև Հրազդանի կիրճ բոլոր ենթակառուցվածքային թունելները և երթային թունելը պատրաստ են: Թունելները պատրաստ են նաև Աջափնյակի հատվածում: Այնտեղ, ըստ էության, մնում է երթային թունելի և կայարանի կառուցումը: Այս գործընթացում ամենաբարդ խնդիրը կամուրջի կառուցումն է, որը պետք է անցնի Հրազդան գետի վրայով և Աջափնյակի հատվածը միացնի Արաբկիրին: Տվյալ պահին լուծելու ամենաբարդ խնդիրը հենց սա է»,- մանրամասնել է Երևանի քաղաքապետի թեկնածուն: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում այդ խնդրի լուծումը:

«Այս պահին Երևանի քաղաքային իշխանությունները գործարկում են վարկային մի ծրագիր, որը կոչվում է «Քաղաքային զարգացման վարկային ծրագիր»: Դրանով նրանք իրականացրել են Նորագավիթ թաղամասը շրջանցող և դեպի Շիրակի փողոց ձգվող նոր ավտոճանապարհի շինարարությունը: Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին այդ ճանապարհը պետք է Շիրակի փողոցով հասնի Կարմիր բլուր և Կարմիր բլուրի վրա կառուցվի մոտ 200-250 մետր երկարությամբ կամուրջ, որը Կարմիր բլուրի հատվածը կմիացնի Մալաթիա-Սեբաստիա համայնքին: Այնուհետև նախատեսվում է այդ ճանապարհը շարունակել մինչև Աշտարակի խճուղի: Կարծում եմ, որ այդ կամրջի կառուցումը, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չէ, որովհետև այդ ճանապարհը կարող է գործել հետևյալ կերպ` գալ հասնել Շիրակի փողոց, այնտեղից դուրս գալ Արտաշեսյան փողոց, միանալ Երևանյան լճի պատնեշի վրա կառուցված կամուրջին, իսկ այնտեղից էլ Իսակովի պողոտայով միանալ փողոցին: Այսինքն, ստացվում է, որ արդեն գոյություն ունեցող կամրջից մեկ կիլոմետր ներքև ցանկանում են նոր կամուրջ կառուցել: Կարծում եմ, որ դա բացարձակապես նպատակահարմար չէ, հատկապես, երբ դրա կառուցումը նախատեսվում է Երևանի ամենահին վայրերից մեկի` Կարմիր բլուրի վրայով: Գտնում եմ, որ այդ կամուրջի միջոցները կարելի է ներդնել մետրոյի կայարանը շահագործման հանձնելու վրա»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա արձանագրել է, որ մետրոյի համար Հրազդան գետի վրա կառուցվելիք կամուրջն ավելի կարճ է լինելու. այն ունենալու է 140 մետր երկարություն: «Այս դեպքում կլինի նաև միջոցների խնայողություն, իսկ դրանք կարելի է ծախսել թունելի երկարությունն ավելացնելու և կայարանի տեղը փոխելու վրա: Նախկինում նախատեսվում էր, որ Աջափնյակում մետրոյի կայարանը պետք է գտնվի Հալաբյան փողոցում` ԴԱՀԿ շենքի հարևանությամբ, սակայն կարծում եմ, որ հիմա ավելի նպատակահարմար կլինի այդ կայարանը ստեղծել «Հանրապետական» հիվանդանոցի հարևանությամբ` ավելի բանուկ հատվածում», – ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում