«Սուտասանը». Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս է մի հովիվ։ Ասում է․

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Եմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

 

Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

 

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում