Իրաքյան Քուրդիստանի վարչապետը այցելել է Թուրքիա

Հյուսիսային Իրաքի ինքնավարության (իրաքյան Քուրդիստան) վարչապետ Նեչիրվան Բարզանին անակնկալ այցով ժամանել է Անկարա եւ հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու և ավելի ժամ տևած հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքական մամուլն այդ այցը կապում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից զենքը վայր դնելու եւ Թուրքիայից դուրս գալու մասին մարտի 21-ին քուրդ զինյալներին հղած կոչի հետ: Սակայն չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ թուրք ընդդիմադիր գործիչներից շատերը կասկածի տակ են դնում այդ կոչի՝ Օջալանին պատկանելու հանգամանքը:
Ըստ տեղեկությունների՝ Անկարայում Բարզանիի բանակցությունների գլխավոր թեման Թուրքիայից PKK-ի հեռանալու ժամկետն է լինելու: Դրան զուգահեռ՝ ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն նաեւ էներգետիկայի բնագավառին վերաբերվող հարցեր:
Ուշագրավ է նաև, որ իրաքյան Քուրդիստանի վարչապետն Անկարա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի’ Իրաք կատարած այցից անմիջապես հետո: Իրաք կատարած անակնկալ այցին Քերին հանդիպել էր վարչապետ Մալիքիի հետ, իսկ Բարզանիի հետ խոսել էր հեռախոսով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում