Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան պատասխան նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին:
Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն Սարգսյան,
Երեկ ստացա Ձեր’ մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին: Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ եւ կանխակալ համոզումներ, այդուհանդերձ առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը:
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը’ հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով’ Ազատության հրապարակում:

Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար: Անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ եւ կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն Սահմանադրական նոր Հայաստանի:
Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող’ Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»:

Հիշեցնենք, որ նախագահ Ս. Սարգսյանը մարտի 25-ին պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: ՀՀ նախագահը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և աշխատանքը շարունակել «թուղթ ու գրիչով»։ «Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,-ասված էր նամակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում