Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում կան առաջարկներ, որոնք անգամ ծաղր են պարունակում. Գալուստ Սահակյան

Այնպես չէ, որ քաղաքական գործընթացների ողջ բեռը պետք է դրվի իշխանության վրա, ընդդիմությունը ևս պետք է պատասխանատվություն կրի: Վերջին տարիներին ընդդիմությունն անգործության է մատնված :Այս մասին մարտի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա կարշիքով Հայաստանում ընդդիմադիր դաշտն անընդհատ ցաքուցրիվ վիճակում է գտնվում:
Անդրադառնալով արտահերթ նիստ հրավիրելու հարցին’ Գալուստ Սահակյանն ասաց, որ մեծամասնությունը կարող է հրավիրել արտահերթ նիստ, բայց արտահերթ նիստն արդյունքներ կունենա, եթե որևէ հայտարարություն կամ բանաձև ընդունվի, որին բոլոր ուժերը համաձայն կլինեն:
«Երեկ հայտարարության տեքստ եմ ուղարկել բոլոր խմբակցություններին, և եթե բոլորը համաձայնեն, ապա կգումարվի արտահերթ նիստ: Պետք է գտնել քննարկման ընդհանուր դաշտ, որում կընդգրկվեն նաև արտախորհրդարանական կուսակցությունները»,- ասաց Սահակյանը’ ընդգծելով, որ անհամաձայնությունները պայմանավորված են նաև Երևանի ավանագու ընտրություններով, որով կուսակցությունները փորձում են «հաստատվել»:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի’ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներից, Սահակյանը նշեց, որ կան որոշ առաջարկներ, որոնք անգամ ծաղր են պարունակում:
««Ժառանգությունն» այս պահին քաղաքական թիմ չունի, դրա համար ինչ-որ ցուցակներ են հորինվում, մարդիկ իրենց անունները կարդում են և զարմանում, սա արդեն ծաղր է: Ընդդիմադիր դաշտ չի ձևավորվի, եթե հարցը հասնի պաշտոններ բաժանելուն, ոչ ոք նրանց ձեռքը չէր բռնել, որպեսզի պայքարեին մարզպետի, գյուղապետ համար»,-հայտնեց Սահակյանը’ շեշտելով, որ ինքը բոլոր դեպքերում կողմնակից է երկխոսության և իրենք աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը իր պատասխանում մասնավորապես առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և սկսել աշխատել: Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել էր, որ գրավոր պատասխան կտա մարտի 26-ին:
Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին նոր նամակով առաջարկություններ է ուղարկել Սերժ Սարգսյանին: Նա կրկնել է նախկինում իր առաջադրած դրույթները’ նախագահական նոր ընտրությունների անցկացում կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2013-ի ընթացքում, օրենսդրական փոփոխություններով թողնել բացառապես համամասնական ընտրակարգը, ապահովել արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկությունը կամ նրանց հանել ցուցակներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում