ԱՄՆ ողջունում է Վրաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունումը

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է նախօրեին Վրաստանի խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունների ընդունումը: Այս մասին ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության փոխխոսնակ Պատրիկ Վենտրելի հայտարարությունում, որը զետեղված է պետքարտուղարության կայքում:

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Վրաստանի իշխանություններին, խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը երկու կուսակցությունների կողմից աջակցություն ստացած, այս կարևոր փոփոխությունների ընդունման կապակցությամբ: Այն ճանապարհ է հարթում վրացական ժողովրդավարության ամրապնդման և կառավարության առջև առկա մարտահրավերների վրա կենտրոնանալու համար», – ասված է հաղորդագրության մեջ: Ընդգծվում է նաև քաղաքական փոխզիջման կարևորությունը համաձայնության հասնելու գործում:

Հայտարարությունում կոչ է արվում է բոլոր քաղաքական գործիչներին «պահպանել հասարակական քննարկումներում կառուցողական և ապագային միտված հռետորությունը՝ հանուն Վրաստանի և նրա քաղաքացիների բարօրության և հետագա առաջընթացի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում