Վարդան Մինասյան.Թիմերի հնարավորությունները 50-50 եմ գնահատում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր մամուլի ասուլիս տվեց, որը նվիրված էր 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հետ հանդիպմանը:
«Այս պահին արդեն պարզ են մեկնարկային կազմի 10 խաղացողների անուններ: Ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա նա միայն երեք օր է մարզվել, ու նրա մասնակցությունը հարցականի տակ է: Իսկ եթե նա, այդուհանդերձ, չհասցնի վերականգնվել, ապա կխաղա Մանուչարյանը»,-ասաց Վարդան Մինասյանը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղի մասին խոսելիս մարզիչը նշեց.
«Երիտասարդականի հետ ընկերական հանդիպումը ինձ չբավարարեց: Նրանք ենթագիտակցորեն գիտակցում էին, որ երիտասարդականի հետ են խաղում, իսկ այդպիսի խաղով լավ արդյունքի չենք հասնի չեխերի դեմ»:
Վարդան Մինասյանը հրաժարվեց որևէ մեկին ֆավորիտի կարգավիճակ տալ’ հաղթանակի հասնելու համար երկու հավաքականներն էլ հավասար հնարավորություններ ունեն.
«Ճիշտ է, չեխերը վերջին խաղում պարտություն կրեցին, սակայն դա մեր նախապատրաստության վրա չի անդրադառնում: Բացի այդ, ճիշտ է, դա ծանր հարված էր նրանց համար, սակայն նրանք պրոֆեսիոնալներ են ու կկարողանան դուրս գալ այդ վիճակից:
Թիմերի հնարավորությունները 50-50 եմ գնահատում: Եվրո-2012-ից սկսած հետևել եմ Չեխիայի բոլոր հանդիպումներին: Նրանց խաղում գրեթե փոփոխություններ չկան ու նույն ոճով են խաղում: Ինձ համար անակնկալ էր նրանց’ 0-3 հաշվով պարտությունը Դանիայից: Խաղը հավասար էր, սակայն դանիացիները առաջինը հաջողության հասան ու դա վճռորոշ եղավ:
Նրանց առաջատարները, անկասկած, Չեխն ու Ռոսիցկին են: Իսկ մեր պաշտպանության կենտրոնում Ռոբերտ Արզումանյանի հետ կխաղա.. Հարոյանը, Խաչատուրովը կամ Ոսկանյանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում