Նոր պատերազմի սանձազերծումը կհանգեցնի Ադրբեջանի վերջնական մասնատմանը

Անդրադառնալով հարևան երկրում ընթացող զարգացումներին’ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ասաց, որ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծումը կհանգեցնի այս երկրի վերջնական մասնատմանը:

«Ադրբեջանում վերջին ամիսների ճգնաժամային զարգացումների ամենավառ դրսևորումը հասարակության մեջ հակաբանակային տրամադրությունների ակտիվացումն է: Այն, որ ադրբեջանական բանակի հանդեպ այս առումով վստահություն չկար, հայտնի էր նաև նախկինում: Սակայն ներկայումս հակաբանակային դժգոհությունները դառնում են ակնհայտ և ադրբեջանական զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվող զոհերի պատկառելի թիվը հանդիսանում է հակաիշխանական դժգոհությունների կայուն պատճառներից մեկը: Ներկայումս Ադրբեջանում բանակի և հասարակության միջ առկա է բավական լուրջ անջրպետ»,- նշեց Ջամալյանը:

Փորձագետի կարծիքով, ստեղծված իրավիճակի կարևորագույն շեշտադրումներից մեկն այն է, որ Ադրբեջանում բանակը օգտագործում է որպես բնիկ ժողովուրդների ճնշման և խտրական վերաբերունքի դրսևորման կարևորագույն տիրույթ:

«Ադրբեջանական բանակում, շատ ավելի, քան որևէ այլ պետական հաստատությունում, առկա է բնիկ ազգերի նկատմամբ կիրառվող խտրական վերաբերումքը: Ադրբեջանի ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում գրանցված զոհերի մեջ բնիկ ազգերի ներկայացուցիչները մեծ թիվ են կազմում: Սա ավելի է խորացնում բնիկ ազգերի և անդրկովկասյան թուրքերի միջև առկա անջրպետը: Մյուս կողմից, այս ամենը հանդիսանում է այդ ազգերի մոտ ազգային ինքնագիտակցության ակտիվացման ամենակարևոր գործոններից մեկը»,- ասաց Դ. Ջամալյանը:

«Ներկայումս Ադրբեջանում ընթացող զարգացումները, հատկապես հակաբանակային տրամադրությունների աճը, օբյեկտիվորեն նվազեցնում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը: Երկրում ալիևյան կլանի դիրքերը դառնում են երերուն, ինչին գուհահեռաբար աճում է անվստահությունը բանակի հանդեպ: 1994 թ.-ին անդրկովկասյան թուրքերի բախտը բերեց, որ ադրբեջանական պետականությունը մինչև վերջ չքայքայվեց: Անկախացավ ամենաակտիվ, պասիոնար մասը՝ Լեռնային Ղարաբաղը: Ներկայումս պատերազմի սանձազերծման դեպքում, այս պետական միավորումը կարող է վերջնականապես վերանալ»,- նշեց փորձագետը:

Դավիթ Ջամալյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը արհեստական պետական միավորում է, որտեղ անհնար է կազմել միասնական հանրույթ: Այս իրավիճակին նպաստում է նաև ադրբեջանական հասարակության ներսում առկա ազգամիջյան, միջէթնիկական լարվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում