«Փարաջանովը» գնում է Կանն

«Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ստեղծում է հանճարեղ ֆիլմեր: Նա ազատատենչ ու վտանգավոր մարդ է սովետական տոտալիտար ռեժիմի համար: Միայն անսասան սերը հանդեպ գեղեցիկի կօգնի հանճարին հաղթահարել բանտարկման, մեկուսացման ու մոռացման տարիները»,- նշված է «Փարաջանով» ֆիլմի համառոտագրում:

«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք ծրագրերում: Ֆիլմի պրոդյուսերները նույնպես հրավիրվել են A խմբի գրեթե բոլոր համաշխարհային կինոփառատոնների մրցույթում «Փարաջանով» ֆիլմը քննարկելու համար: Այս մասին գրում է UNN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Պետական կինոյի մամլո ծառայությանը:

«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ:

Ֆիլմի էկրանավորելու գաղափարը պատկանում է ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, ով միաժամանակ նաև սցենարի հեղինակն ու համառեժիսորն է:

Ֆրանսիական կողմից ֆիլմի համառեժիսորն է մեր հայրենակից Սերժ Ավեդիսյանը, ով և խաղում է գլխավոր՝ Փարաջանովի դերը: Ֆիլմի գեղարվեստական ղեկավարն ու կրեատիվ պրոդյուսերն է Ռոման Բալայանը:

«Փարաջանովը» ուկրաինական առաջին ֆիլմի նախագիծն է, որը աջակցություն է ստանում եվրոպական հանրահայտ ARTE FRANCE CINEMA հեռուստաընկերության կողմից:

Լուսանկարները Դիանա Կարդումյանի բլոգից:

 


 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում