Արցախի ոստիկանության պետը փոխվել է
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի’ ոստիկանության գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով’ Ռոբերտ Շաֆերյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:
Ըստ նույն աղբյուրի, Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է ԼՂՀ ոստիկանություն եւ համակարգի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել ոստիկանության նախկին պետ Ռոբերտ Շաֆերյանի ներդրումն ու ավանդը համակարգի կայացման ու զարգացման գործում եւ երախտագիտություն հայտնել նրան երկարամյա ծառայության համար: Նախագահը նշել է, որ Ռոբերտ Շաֆերյանը, ստանձնելով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, այսուհետ էլ կօգտագործի իր հարուստ փորձն ու գիտելիքները հայրենիքի զորացման գործում:
Ներկայացնելով Կամո Աղաջանյանին’ երկրի ղեկավարը նշել է, որ նրա աշխատանքային փորձը եւ մարդկային արժանիքները թույլ կտան նորանշանակ ոստիկանապետին պահպանել գերատեսչության ավանդույթները եւ նրա աշխատանքը դարձնել էլ ավելի արդյունավետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում