«Երկխոսություն ժայռաբեկորի հետ». Հ. Մելիք-Շահնազարյան

«Երկխոսություն ժայռաբեկորի հետ». Հ. Մելիք-Շահնազարյան

Տնքալով և հևալով` վիրավոր զինվորը կամաց-կամաց բարձրանում էր ինչ-որ մի բարձունք` առանց իմանալու, թե արդյոք ճիշտ ուղղությամբ է սողում: Նա գործադրում էր մեծ ջանքեր, որպեսզի կարողանար հաղթահարել ևս մեկ մետր` իր հետևից թողնելով արյան հետքեր` չոր ու շիկացած քարերի վրա: Այնտեղ` ճակատում, նա իր ընկերների հետ միասին կռվում էր անհավասար մարտում, երբ վիրավորվեց: Ընկերները, չնկատելով նրա բացակայությունը, նահանջել էին` թողնելով նրան մենակ կռվադաշտում: Ահա թե ինչու էր նա վիրավորված` կամաց-կամաց բարձրանում այդ բլուրը: Սրտի խորքում զինվորը համոզված էր, որ ճիշտ ուղղությամբ է գնում, ինչը նրան ավելի շատ էր հուսադրում:

Իրիկնամուտին, երբ արևն արդեն կիսով չափ թաքնվել էր հեռավոր լեռների ետևում, նա վերջապես հասավ բլրի գագաթը: Վիրավորը մեկ վայրկյան հայացքը հառեց իր անցած ճանապարհին, ապա սկսեց ուսումնասիրել իր կրծքի վերքը: Զինվորը իր թաշկինակով փակեց վերքը` փորձելով դադարեցնել արյունահոսությունը: Նա համարյա համոզված էր, որ հասել է իր մահվան ժամը, բայց, միևնույնն է, պայքարում էր կյանքի համար: Ոչ, նա ամենևին չէր վախենում մահից, ուղղակի ափսոսում էր, որ ժառանգ չուներ, ափսոսում էր այն ճանապարհը, որով հասել էր բարձունքի գագաթին` իր արյամբ լվանալով բոլոր քարերը, և, վերջապես, ափսոսում էր, որ միայնության մեջ պիտի մահանա:

Զինվորը միառժամանակ փակեց աչքերը` փորձելով վերականգնել ուժերը, այնուհետև շարունակեց իր ճանապարհը: Նա անցավ ևս մի քանի մետր, երբ իր դիմաց նկատեց ուղղահայաց դիրքում կանգնած մի մարդահասակ քար: Երբ մի քիչ էլ մոտեցավ քարին, տեսավ մարդու աչքեր, քիթ, բերան… Հիրավի այդ քարը շատ էր նման մարդու, որն իր հաղթանդամ կազմվածքով կանգնել էր բարձունքում` կարծես թե ցույց տալու համար աշխարհին, թե ով է տերը բլրի և այն ամենի, ինչը սփռված է նրա տակ:

Զինվորը դադարեց շարժը, մի պահ նայեց քարին և, ինքն իրեն ծաղրելով, հարցրեց.

– Երևի ծիծաղելի տեսք ունեմ, այդպես չէ՞:

– Ամենևին ոչ, – պատասխանեց քարը` հայացքն ուղղելով դեպի հեռավոր անդաստանները:

Մի վայրկյան անշարժանալուց հետո, վիրավորը փորձեց տեղից շարժվել, երբ հանկարծ նորից լսվեց քարի ձայնը:

– Սպասի´ր, զինվոր, մի քիչ էլ հանգստացիր, հետո կշարունակես ճանապարհդ:

Զինվորը քարացավ տեղում: Այլևս նրա ու քարի միակ տարբերությունը այն էր, որ ինքը վիրավոր ընկած էր, իսկ քարը` հպարտ կանգնած:

– Ի՞նչ եղան իմ ընկերները, – մոռանալով իր վերքը և հիշելով ընկերներին` հարցրեց զինվորը,- նրանք անցե՞լ են այս կողմերով:

– Նրանք քեզ դավաճանել են,- սառնասրտորեն պատասխանեց քարը,- դու ինչո՞ւ ես նրանց մասին հարցնում: Նրանք արժանի չեն քո մտահոգությանը:

– Ճշմարիտ չէ: Իմ ընկերներից ոչ մեկը դավաճան չէ: պարզապես այդ պահին ես նրանցից հեռու էի, և նրանք կարող էին ինձ ուղղակի չնկատել,- պաշտպանելով իր ընկերներին` սառը պատասխանեց վիրավորը,- վերջապես պատերազմ է, չէ՞:

– Այո, դու ճիշտ ես, ես տեսա քո ընկերներին: Նրանք ևս քո պես տանջահար էին: Նրանք էլ, քեզ նման, այստեղ նստեցին հանգստանալու:

Զինվորը բավարարվածությամբ լսում էր քարի խոսքերը: Նա ուրախ էր, որ ընկերները կարողացել են դուրս գալ թշնամու մահացու օղակից: Հանկարծ նրա դեմքը խոժոռվեց, և մտահոգ նայեց քարի աչքերին:

– Հը, ի՞նչ պատահեց,- հարցրեց քարը:

Զինվորը մի վայրկյան լռեց և հարցրեց.

– Իսկ իմ ընկերներն իմ մասին ի՞նչ էին խոսում:

– Նրանք մտածում էին, թե դու… Լավ հերիք է խոսես, հանգստացի´ր,- պատասխանեց քարը:

– Նրանք մտածում էին, թե ես զոհվե՞լ եմ,- նորից հարց տվեց զինվորը:

– Համարյա,- կարճ պատասխանեց քարը:

– Տեսնո՞ւմ ես,- ուրախացած ասաց զինվորը,- ասում էի չէ՞` նրանք ինձ չեն դավաճանի:

Մի պահ երկուսն էլ լռեցին: Լսվում էր միայն գետի քչքչոցը, որը գալիս էր բլրի տակ սփռված դաշտի միջից: Զինվորը թաշկինակը վերցրեց կրծքից, որպեսզի տեսնի, թե ինչ վիճակում է վերքը: Արյունահոսությունը դեռ շարունակվում էր, բայց ոչ այնքան շատ, ինչքան առաջ էր: Զինվորը թաշկինակը նորից դրեց վերքին և ասաց.

– Ասում եմ` գոնե լավ է, որ դու այստեղ ես, թե չէ կարծում էի, թե միայնության մեջ պիտի մեռնեմ:

Քարը ոչինչ չպատասխանեց: Նա ևս գիտեր, որ զինվորը մահանում է և չուզեց նրան հանգստացնել կեղծ խոսքերով, թե իբր նա դեռ պիտի երկար ապրի, թշնամիներին կոտորի, իր օջախը շենացնի…

– Օրվա այս ժամը շատ եմ սիրում,- շարունակեց մրմռալ զինվորը,- լավ է, երբ այստեղ հով է: Իսկ այս գետի կարկաչյունը իսկական մեղեդի է: Քա´ր եղբայր, իսկ դու զգո՞ւմ ես ծաղիկների այս մեղմ բուրմունքը, որ բերում է հովիկը:

Քարը, կարծես, ժպտաց:

– Զգո՜ւմ ես, ես գիտեմ, որ դու զգում ես: Դու ավելի շատ բան ես զգում և հասկանում, քան մարդկանց մեծ մասը,- շարունակեց խոսել զինվորը,- իսկ դու ի՞նչ ես կարծում, քար եղբայր, մենք հաղթանակի կհասնե՞նք:

– Շո´ւրջդ նայիր, զինվոր,- պատասխանեց քարը,- մի՞թե այս վեհ լեռները քեզ չեն հուշում քո հարցի պատասխանը: Այսօր մենք նահանջել ենք, ճիշտ է, բայց վաղը նորից կվերադառնանք դիրքեր և կշարունակենք մեր սուրբ գործը:

– Բայց նույնպիսի վեհ լեռներ կան նաև թշնամու տարածքում: Նրանք թշնամուն չե՞ն մղում հաղթանակի:

– Միամիտ զինվոր, չէ որ այն լեռները, որոնք այսօր գերությունում են թշնամու մոտ, նույնպես հայկական սարեր են: Նրանք խոսում են միմիայն հայերեն և միայն հայերի հետ,-պատասխանեց քարը` շեշտելով վերջին բառերը:

Նրանք նորից լռեցին և սկսեցին ունկնդրել բնության ձայները: Վիրավոր մարտիկի ուժերն արդեն գրեթե սպառվել էին: Զինվորը նորից խախտեց լռությունը և քարին հարցրեց.

– Քա´ր եղբայր, թույլ կտա՞ս քեզ մոտ հանգրվանեմ, ընկերություն կանենք իրար հետ հուր-հավիտյան:

– Իհարկե,- պատասխանեց քարը` զգալով, որ հասել է զինվորի մահվան ժամը:

Վիրավոր քաջը, հավաքելով վերջին ուժերն, ասաց.

– Քա´ր եղբայր, եթե ընկերներիս տեսնես, հաջողություն մաղթիր նրանց իմ փոխարեն: Հայտնիր նրանց, որ ես անչափ հպարտ եմ` հանուն հայրենիքիս փրկության նահատակվելու համար:

Քարը միայն գլխով արեց: Նրա աչքերը լցվեցին արցունքներով, իսկ սրտից մի կաթիլ արյուն կաթեց, երբ տեսավ, թե ինչպես աչքերը փակեց և մահացավ իր միակ ընկերը:

Առավոտյան, երբ լույսը բացվեց, այդ բլրով դիրքերն էին շտապում զինվորի ընկերները: Երբ նրանք հասան քարին, տեսան քարին հենված իրենց զոհված ընկերոջը: Տղաները մի պահ սառած կանգնեցին, ապա հանեցին գլխարկները և հարգանքով խոնարհվեցին նրա առջև: Մի քանի րոպե անց նրանցից մեկը` հավանաբար ավագը, ասաց.

– Ես հաստատ գիտեի, որ մեր ընկերը չի դավաճանել մեզ: Մենք կարծում էինք, թե նա մեզ թողել է թշնամու հետ և փախել ապահով մի տեղ: Դուրս է գալիս, որ մենք ենք իրեն դավաճանել` թողնելով ամբողջովին մենակ ռազմաճակատում:

Եվ այդ պահին հանկարծ բոլորը լսեցին քարի լացակումած ձայնը.

– Մի´ մեղադրեք ձեզ, տղանե´ր, վերջը սա պատերազմ է, չէ՞: Ավելի լավ է` շարունակեք ձեր սուրբ գործը: Նա շատ հպարտ էր, որ մահացավ հանուն հայրենիքի ազատության, իսկ ձեզ նա մաղթում էր հաջողություն:

Զինվորները լուռ սկսեցին գերեզման փորել քարի կողքին` իրենց զոհված ընկերոջ համար, և նրան այնպես հողին հանձնեցին, ինչպես թաղում են իրական հերոսին` առանց ոչ մի կաթիլ արցունքի: Մի պահ զինվորի գերեզմանի մոտ կանգնելուց հետո, նրանք գնացին առաջ` դեպի պատերազմ, դեպի պայթյուններ, դեպի հաղթանակ, դեպի անմահություն…

*

*            *

Մի քանի տարի անց նույն բարձունքով անցնում էր մի ծերունի` հաճույք ստանալով թոռան անհոգ խաղից, որն ընթանում էր առջևից: Փոքրիկ տղան` ծաղիկ հավաքելով և թիթեռ բռնելով, մոտեցավ երկու մարդահասակ քարերի: Երբ տղան տեսավ քարերը, նա մի կողմ գցեց ծաղիկները և սկսեց մագլցել քարերից մեկի վրա: Տեսնելով, որ իր թոռնիկը բարձրանում է քարի վրա, նա վազելով հասավ երեխային և կոպիտ իջեցրեց նրան քարից:

– Ի՞նչ եղավ, պա´պ, – զիլ ձայնով հարցրեց երեխան,- մի´ վախեցիր, ես չեմ ընկնի,- կարծես թե հասկանալով պապի նման պահվածքը` ավելացրեց երեխան:

-Չէ´, թոռնիկս, ես գիտեմ, որ դու չես ընկնի, ուղղակի…

-Ուղղակի ի՞նչ, պապ, շարունակիր միտքդ,- մանկական հետաքրքրասիրությամբ խնդրեց թոռը:

Պապը մի հարմար տեղ ճարեց և նստեց, որ պատմի իր պատմությունը: Տեսնելով, որ պապը պատրաստվում է պատմել իր հերթական հետաքրքիր պատմությունը` փոքրիկը տեղավորվեց նրա մոտ: Եվ ծերունին թոռանը պատմեց դաժան մի ճակատամարտի մասին, որտեղ իրենք պարտություն են կրել: Նա պատմեց նաև այն մասին, թե ինչպես են իրենք հաջորդ օրը գտել քարերից մեկին հենված իրենց ընկերոջը. «Մենք գտանք նրան ահա այս քարին հենված, իսկ այսօր նրանք իրար կողքի են: Հավերժ փառք նրանց»:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
1999թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում