Հայ մեծերը հայոց լեզվի մասին

Հայ մեծերը հայոց լեզվի մասին

Ավետիք Իսահակյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Եղիա Տեմիրճիպաշյան
Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին:

Եղիշե
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Հովհաննես Թումանյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

Ղևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…

Միսաք Մեծարենց
Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:

Միքայել Նալբանդյան
Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

Վահան Տերյան
Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:

Վահրամ Փափազյան
Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական գործիքը պիտի դառնար ինձ համար։

Վիկտոր Համբարձումյան
.. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …

Խաչատուր Աբովյան
Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես:
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:

Զաբել Եսայան
Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:

Նաիրի Զարյան
Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն:

Ստեփան Զորյան
Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:

Լեո
Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործի հետ:
Մեսրոպ Մաշտոցի մասին`
Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ:

Նար-Դոս
Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ…

Սիրանույշ
Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց անոր մենք չունինք հրապոյր: Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք:

Պարույր Սևակ
…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ:

Դանիել Վարուժան
Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում