Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
Նմանատիպ
Դստրի´կս.
Հիմա գիշեր է: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբարդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս լուսավորված սենյակը: Շա՜տ հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այստեղ է’ սրտիս մեջ:
Այդտեղ’ հեքաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա: Ես դա լավ գիտեմ, և թվում է’ գիշերվա լռության մեջ լսում եմ քո քայլքերը,
Տեսնում աչքերդ, որ փայլում են, ինչպես աստղերը ձմեռային գիշերում:
Լսել եմ, որ այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին:
Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…: Իսկ երբ քունը իջնում էր ծերացող աչքերիս, ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Մտովի տեսնում էի երազանքներդ, Ջերալդի՛նա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, թե ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք՝ ինչ էր նրա անունը՝ Չարլի»:
Այսօր հերթը քոնն է: Պարի´ր: Ես պարում էի լայն, պատառոտված անդրավարտիքով, իսկ դու՝ արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի´ր: Բարձրացի´ր այնտեղ, աղջի´կս, բայց և վերադարձիր երկիր: Դու պետք է տեսնես, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում ծայրամասերի փողոցային պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդի´նա:
Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր՝ օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Նայում էի դեմքիդ, լսում սրտիդ զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի´, մի՞թե այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում , Ջերալդի´նա: Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, ի´մ հեքիաթը չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, ապա… ողորմություն հայցում…
Ահա նա՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…: Եվ չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդի´նա, հետևում է իմը՝ Չապլին: Այդ անունով ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես լաց եմ եղել ավելի, քան նրանք ծիծաղել են: Ջերալդի´նա, աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյութուն ունեն: Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հպարտ երկրպագուներին, բայց մի´ մոռանա տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու´ նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն այդօրինակ ծախսերդ: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի´ր մարդկանց, նայի´ր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ . «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո´, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրի´կս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո´ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:
Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկ, ավելի նազելի, ավելի հպարտ, քան դու: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի´ր, ուշադի´ր նայիր: Չի՞ թվում արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանի´ր, աղջի´կս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշի´ր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:
Ես պիտի մեռնեմ, իսկ դու դեռ պիտի ապրես…: Ուզում եմ, որ երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի´ մոռացիր հիշեցնել քեզ, որ երկրորդը քոնը չէ, պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Քեզ հետ փողի մասին եմ խոսում, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Մի´ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքով, գիտցի´ր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որ այդ մասին գրի քեզ:
Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի է վայել խոսել այդ մասին…
Քո աշխատանքը ծանր է, գիտեմ: Մարմինդ ծածկված է միայն մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված:
Գիտեմ, որ հայրերի ու որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջի´կս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել տողերի վրա, ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է, Ջերալդի´նա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի այցելես իմ գերեզմանին: Առայժմ չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն պահին, երբ արյունը կսառչի իմ երակներում, դարձյալ մի մոռանա հորդ՝ Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ:
Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի
Հետևեք մեզ նաև Telegram-ում