«Գիշեր». Լիլիթ Մանուչարյան

«Գիշեր». Լիլիթ Մանուչարյան

Խարույկի բոցը երկինք չէր հասնում, շուրջը խմբված երեխաներ չկային: Ընդամենը երեք հոգի էին շրջան կազմել. տղամարդը, կինը, երեխան: Տղամարդը երեխայի հայրը չէր, կինը երեխայի մայրն էր: Նրանք երեքն էլ տարբեր զգացումներով էին բոլորել խարույկը: Կինը երիտասարդ էր և ուզում էր կրկին վայելել խարույկի տված բերկրությունը: Տղամարդն ուզում էր վերհիշել անցած տարիների ծածկույթի տակ մլմլացող խարույկները: Երեխան առաջին անգամ էր խարույկ տեսնում: Խարույկը մեծ չէր, փոքր էլ չէր, իրենց բավարարում էր: Նրանք լուռ ըմբոշխնում էին խարույկի հրաշքը` գրեթե զսպելով նրա հետ խոսելու ցանկությունը: Եվ շատ տարբեր էր լինելու նրանցից յուրաքանչյուրի համար այդ խոսակցությունը: Խարույկի բոցն աստիճանաբար իջնում էր, ածուխի տակ կարտոֆիլները խորովվում էին, շուրջը քարացած խավար էր: խարույկից դուրս խավարն ականակուր էր: Անտառը դաժան լռությամբ էր դիտում կրակե լեզվակների պարը:

Երեխան հոգնեց: Նրա գլուխն աստիճանաբար իջնում էր ցած: Մեկ դրեց մոր ուսին, մեկ գոգին, ապա միանգամայն մեկնվեց խոտերին փռված շորին և անմիջապես քնեց:

Տղամարդն ու կինը երկչոտ իրար նայեցին. Տղամարդը կնոջ կրկնակի տարիքին էր: Նա իրեն աղջիկ էր գալիս: Բայց նրանց զգացումները շատ հեռու էին հոր և աղջկա զգացումներից: Տղամարդը երկչոտ էր, որովհետև աղջիկն իսկապես իր աղջկա տարիքին էր: Երեխան երկնչելու պատճառ չուներ, ան բացարձակապես իր գեղեցիկ տարիքում էր և դրա համար ոչ մեկից քաշվելու պատճառ չուներ: երեխան ազատ մարդ էր` հեռու տարիքային սահմանափակումներից: Կինը և տղամարդ, հակառակը` երկու գերիներ էին, որ կարծում էին` իրենք երկու ազատ հոգիներ են, մինչդեռ հակառակը` նրանք իրենց և ուրիշների ցանկությունների ստրուկներն էին: Երկու ստրուկ և մեկ ազատ խարույկի շուրջը, կրակի ջերմության ազդեցության տակ, երկնքի լուսատուների աչքերի առաջ, աստիճանաբար բացվում և վերագտնում էին իրենց: Տղամարդն ու կինը կրակի պայծառեցնող և մաքրող ազդեցության տակ զգում էին, որ շատ բան ունեն իրար ասելու:

Սակայն նրանք լուռ էին: Այդ լռությունը խոսող էր, և նրանցից յուրաքանչյուրը, ըստ իր մղման, կարող էր ունկնդրել այն:

Լռությունը կնոջն ասում էր. «Դու անկատար մարդ ես, եթե չես հասկանում պահի կարևորությունը: Միտքդ շարժիր և գտիր մեկին` թեկուզ հորդ տարիքի, որ այդպես հասկանա քեզ: Գտիր մեկին, որ այսպիսի լռությամբ կարող է ներգործել քեզ վրա, որ լռության ու կրակի միասնական մոգական ներգործությամբ բացում է սրտիդ դռները և ասում` դու այստեղ ես, և ես գտա քեզ»:

Լռությունը տղամարդուն ասում էր. «Այն աղջնակը, որի երեխան քո թոռնիկը կարող էր լինել, գերել է քեզ, որովհետև նրա մեջ դու քո մտքի զորությամբ գտել ես քո բոլոր անցած սերերին: Նա ոչ թե քո ուշացած սերն է, այլ քո առաջինն է, որովհետև քո բոլոր սերերից նա է միայն ներկա: Քո ներկայում, որ անցյալ չէ, այլ ապագա, քո միակ կենդանի սերն այս կինն է` իր երեխայի հետ»:

Տղամարդը և կինը երկու սիրահարներ չէին: Նրանց հոգեկան մերձեցմանը խանգարող բոլոր խոչընդոտները նրանց աչքի առաջ էին: Նրանք հենց դրա համար էլ ընտրել էին խարույկի մաքրող լույսը: Իրենք լույսի մեջ, շուրջը` խավար: Իրենք սպասման և հույսերի մեջ, իսկ մտքերը` պղտոր, դառն ու վանող: Լույսի ու խավարի պայքար էր այդտեղ` այդ փոքր օազիսում:

Երկար ժամանակ կինը չէր արձագանքում հեռվից լսվող կանչին: Մայրն էր աղջկան տուն կանչում: Մոր ձայնը զգաստացնող կոչ էր, որ նա իր մայրական պարտքի թելադրանքով էր հնչեցնում: Աղջիկը պարտավոր էր կատարել իր ընտրությունը: Այդ չորսի մեջ որի՞ն էր վիճակված լուծելու խնդիրը:

Երեխան անակնկալ բացեց աչքերը և ուշադիր նայեց հանգչող խարույկին: Կրակն արդեն նստւմ էր, շուրջը խավարն ավելի էր սեղմվել:

-Մայրիկ, կրակը հանգչել է, մութը` մոտեցել, մայրիկ, ժամանակն անցավ, մենք ուշացել ենք:

-Այդ ես եմ ուշացել,-շշնջաց կինը:

-Այդ ես եմ ուշացել,-շշնջաց տղամարդը,-իսկ քեզ համար ամեն ինչ դեռ առջևում է, փոքրիկ:

Երեխան շնորհակալ ժպիտով նայեց տղամարդուն և վեր կացավ: Մեծերը հետևեցին նրան: Լապտերը ձեռքին երեխան մինչև ներքև` տուն հասնելը, լուսավորում էր նրանց ճանապարհը: Իսկ երբ հասան տուն, նա հրաժեշտի համար մոտեցավ տղամարդուն. «Պապի´կ, իմ լապտերը մարեց քո խարույկը, բայց ես այս գիշերը երբեք չեմ մոռանա:

Եվ չմոռացավ:

Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում