Աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը

Ամեն տարի մարտի 27-ին աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը՝ թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը: Այն սահմանվել է 1961թ. Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) 9-րդ կոնգրեսում, սակայն նշվում է 1962-ից:

Կազմակերպության գործունեությունը, ըստ կանոնադրության, ուղղված է «ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդմանը, աշխարհի թատերական գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»:

Սկսած 1962թ.-ից ամեն տարի Թատրոնի միջազգային ինստիտուտի Գործադիր խորհրդի որոշմամբ Թատրոնի համաշխարհայինօրվա առթիվ մշակութային խոշորագույն գործիչները դիմում են թատերական հանրությանը: Առաջին անգամ նման ելույթով հանդես է եկել ֆրանցիացի գրող և կինոռեժիսոր Ժան Կոկոն:

Տարբեր թվականներին նման ուղերձներով հանդես են եկել նաև ԽՍՀՄ արվեստ գործիչներ: 1970 թվականին ուղերձով հանդես գալու պատիվը տրվեց Դմիտրի Շոստակովիչին, 1984-ին թատերական հանրությանը դիմեց դերասան Միախաիլ Ցարևը, այնուհետև Կիրիլ Լավրովը:

Այս տարի Թատրոնի համաշխարհայինօրվան նվիրված ուղերձով հանդես կգա իտալացի դրամատուրգ, ռեժիսոր, բեմական արվեստի տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն:

«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron (θέατρον) բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվել՝ ողբերգություն և կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները:

Թատերական ներկայացման մասին առաջին հիշատակությունը թվագրված է մ.թ.ա. 2500 թ.: Առաջին թատերական ներկայացումը տեղի է ունեցել Եգիպտոսում, որի սյուժեի հիմքում ընկած էին եգիպտական դիցաբանության կերպարները, ինչն էլ հիմք է դրել կրոնի և թատրոնի միջև սերտ կապին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում