Ես Ազատության հրապարակից դուրս չեմ գա. Ր. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն  Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանին ներկայացրած պահանջներին: Հովհաննիսյանն ասաց, որ շատ ոլորտներ կան, որ ինքը կարող էր ավելացնել Սերժ Սարգսյանին ուղղված նամակում, բայց սա բանական, ծրագրավորված և նվազագույն շեմն է: Ըստ Հոհաննիսյանի՝ սա պաշտոնների «բազար» չէ:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը իր ելույթում բացառեց իր Ազատության հրապարակից դուրս գալը և նշեց, որ մինչև ապրիլի 9-ը ինքը չի կարող լքել տարածքը: 

«Ես մինչև այս հանգրվանի ավարտը դուրս չեմ գալու այստեղից և դա Սերժ Սարգսյանը գիտի: Մինչև այս հանգրվանի սկսվելը, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած տեղ հանդիպել պարոն Սարգսյանի հետ, բայց հիմա ոչ: Եթե ինչ-որ արգելք կա, թող առաջարկ անի: Ես Ազատության հրապարակից դուրս չեմ գա»,-ասաց Ր. Հովհաննիսյանը:

«Մենք գնում ենք կեսճանապարհ, բայց չենք զիջելու դրանից հետո: Սա ծրագիր է՝ դուրս գալու ապօրինության, հակասահմանադրականության խարանից»,- ավելացրեց Հոհաննիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում