ՌԴ Դաշնային Խորհուրդը վավերացրել է ԱՊՀ երկրների ՀՕՊ գործողությունների մասին համաձայնագիրը
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը մարտի 27-ին վավերացրել է օդանավի գրավման կամ հետապնդման տեղեկատվություն ստանալու դեպքում ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողությունների կազմակերպման մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2011թ. սեպտեմբերին Դուշանբեում: Այն կոչված է ապահովել օդային տարածքի անվտանգ օգտագործումը, ահաբեկչությանը դիմակայելը եւ օդանավի գրավման կամ հետապնդման տեղեկատվություն ստանալու դեպքում ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների միասնական կազմակերպության ձեւավորումը, նիստի ընթացքում տեղեկացրել է պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը:
Փաստաթղթում նշվում է, որ ահաբեկչության ժամանակ օդանավի ոչնչացման համար օգտագործվող զենքերը եւ ռազմական տեխնիկան կիրառվում են այն դեպքում, երբ սպառված են լինում բոլոր հնարավոր միջոցները դրա վայրէջքի համար:
Համաձայնագիրը պարունակում է նաեւ դրույթներ օդանավերի օգտագործման կանոնների եւ հակաօդային պաշտպանության ցամաքային միջոցների կիրառման վերաբերյալ’ ահաբեկչական գործողության սպառնալիքի վերացման համար: Օդանավի գրավման սպառնալիքի դեպքում ռազմական կառավարման մարմինները, ՀՕՊ գծով հերթապահները կհաղորդակցվեն ռուսերենով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթուղթը ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգերի միավորված ուժերի ամենամյա զորավարժությունների անցկացում է նախատեսում՝ փոխգործակցության կատարելագործման, նաեւ՝ օդային տարածքում ահաբեկչությունը կանխելու հարցում ռազմական կառավարման մարմինների պատրաստականությունը ստուգելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում