Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը կժամանի Երեւան

Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Այս մասին տեղեկացնում են ԱԱԽ մամլո ծառայությունից:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հետ հանդիպման ժամանակ ևս կարևորվել է ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա խորացումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու տարի առաջ իրենց ջանքերով մեկնարկած համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է տալիս և ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ Լեհաստանի և Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջև:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու այս ոլորտում գործակցությունը և այն մասին, որ ընթացիկ տարվա ապրիլին Երևան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը’ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այս ոլորտում համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակն ու հետագա խորացման հնարավորությունները: Քննարկվել է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել անվտանգության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի կատարման մոնիտորինգի իրականացումը, աջակցել կնքված պայմանագրերի իրականացման գործընթացին: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում և Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացող համագործակցության խթանման գործում Լեհաստանի կողմից օժանդակության տրամադրման և համագործակցության հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում