Երեւանի քաղաքապետարանում հանդիպեցին Ֆրանսիայի պատվիրակությանը

Ֆրանսիական քաղաքների և կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Երևանի ջրամատակարարման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանի և Վահե Նիկոյանի Հարավային Կովկասի երկրների հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրին’ Կամո Արեյանը, կարևորել է ֆրանսիական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու դրա ընլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։ Անդրադառնալով մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում կատարվող աշխատանքներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ վերջին շրջանում դրական փոփոխություններ են արձանագրվել։ Միևնույն ժամանակ քաղաքապետի տեղակալն առանձնացրել է այն ուղղությունները, որտեղ անելիքներ կան, և այդ համատեքստում կարևորել ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը։

«Քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում կայուն, անխափան ջրամատակարարումը, ջրահեռացումն ու սպասարկման որակի բարելավման ապահովումը, ելնելով բնակչության շահերից, մեզ համար գերակա խնդիրներ են և գտնվում են քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշել է Կամո Արեյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար’ Հարավային Կովկասի երկրների հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատան նշել է, որ իրենք ևս չափազանց կարևորում են բնակչության հարմարավետության ապահովմանն ուղղված աշխատանքները։
«Ջրամատակարարման, ինչպես նաև քաղաքային տնտեսության այլ ոլորտներում պատրաստ ենք աջակցել և քաղաքապետարանի հետ համատեղ ակտիվ փոխգործակցություն ծավալել։ Պարբերաբար այցելելով Երևան՝ ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել վերջին շրջանում քաղաքի նկատելի զարգացման վերաբերյալ։ Զգալի աշխատանքն է տարվել, ինչը միանշանակ գովելի է»,- նշել է Դանիել Պատան։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային նաև այլ առաջարկներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում