Պատմությունը վերափոխելու փոխարեն Էրդողանը կարող է պատմություն կերտել ու բացել Հայաստանի հետ սահմանը. Դեյվիդ Ֆիլիպս
Նմանատիպ
Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի իրավունքների և խաղաղաշինության ծրագրի տնօրեն, ամերիկացի հայտնի փորձագետ, դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը հայ-թուրքական հարաբերություններին նվիրված ուշագրավ հոդված է հրապարկել ամերիկյան Huffington Post պարբերականում: Այս մասին հաղորդում է tert.am լրատվական կայքը:
«Հայաստանը և Թուրքիան գժտված են» վերտառությամբ հոդվածում փորձագետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված տարբերակներ է առաջարկում Երևանին և Անկարային, ինչպես նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանին կոչ անում ապրիլի 24-ին ներողություն խնդրել հայերից ու բացել թուրք-հայկական սահմանը:
«Հայաստանն ու Թուրքիան կորցրին հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորությունը, երբ Թուրքիան հրաժարվեց վավերացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները (ստորագրվել է ա2009թ. հոկտեմբերի 10-ին): Բարեկամական հարաբերությունները վերականգնելու փոխարեն՝ հայերն այժմ իրենց ջանքերը համախմբել են՝ 2015թ. ապրիլի 24-ին աշխարհի տարբեր անկյուններում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ»,-գրում է Ֆիլիպսը և հավելում,-Հայաստանը Ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում հնարավոր հաջողությունները երբեք «չի զոհաբերի» հանուն թուրքերի հետ միջսահմանային համագործակցության»:
Ֆիլիպսը շարունակելով նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը խոչընդոտում է ոչ միայն փաստը, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ղարաբաղյան հակամարտությունը: «Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական փակուղին խորացնում է նաև այն, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է ղարաբաղյան հարցի լուծման հետ»,-նշվում է հոդվածում:
Ֆիլիպսը փաստում է, որ, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Հայաստանի և Թուրքիայի միջև պահպանվել են առևտրային կապերը, ինչն էլ կարող է հիմք հանդիսանալ պաշտոնական հարաբերությունների կարգավորման համար:
«Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները «գժտված են», թուրքերն ու հայերը, սակայն, շարունակում են պահպանել «տնտեսական դիվանագիտական» հարաբերությունները,-նշում է փորձագետը,-Երկու երկրների միջև առևտրային շփումների «հիմնասյունը» «մաքոքային առևտուրն է» (առևտուր, որը երկու երկրների միջև իրականացվում է ֆիզիկական անձանց մակարդակով, ապրանքը փոխադրվում է որպես ուղեբեռ-Tert.am)՝ Թուրքիայից Վրաստանի միջով Հայաստան սպառողական ապրանքներ է բերվում»:
Փորձագետը նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավորէ համարում գործարար կապերի ընդլայնումն ու ավելի մեծ բիզնես-ծրագրերի իրականացումը, ինչը, նրա խոսքով, տնտեսապես շահավետ կլինի երկու երկների համար էլ:
«Հայաստանը կարող է իր հավելորդ էլեկտրաէներգիան վաճառել Թուրքիային, որը զգում է դրա կարիքը՝ երկրի տնտեսական վերելքի համար: Հայաստանը կարող է նաև օպտիկամանրաթելային մալուխ մատակարարել Թուրքիային՝ համացանցի հասանելիությունն ընդլայնելու համար: Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, կարող է գործարկվել երկաթուղային հաղորդակցությունը Կարսի ու Գյումրի միջև (ղարաբաղյան պատերազմի ժամանակ (1988-1994թթ.) Անկարան, ի աջակցություն Ադրբեջանի,1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը և խզեց դիվանագիտական հարաբերությունները մեր երկրի հետ, փակվեց նաև Կարս-Գյումրի երկաթուղին-Tert.am)»,-գրում է նա:
Հոդվածագիրն առաջարկում է նաև հայ-թուրքական սահմանին արդյունաբերական գոտի ստեղծել, այնպիսին, ինչպիսին որ կա իսրայելա-հորդանանյան սահմանին (նախաձեռնվել է երկու երկրների միջև 1994թ. հաշտության պայամանագրի կնքումից հետո (արաբա-իսրայելյան պատերազմներից հետո-Tert.am), ինչը, նրա խոսքով, անկասկած կխթանի տնտեսական հարաբերությունների զարգացումը:
« Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քազան բնակավայրը հարմար վայր կլինի տեքստիլ արդյունաբերության համար արտադրական համատեղ ձեռնարկություններ հիմնելու համար: Արդյունաբերական գոտու ստեղծումը կթեթևացնի ցամաքային փախադրամիջոցներով ապրանքափոխադրման սահմանափակումը,- գրում է նա: – Հայաստանի բեռնատարներն այժմ էլ թույլտվություն ունեն Թուրքիայի տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր, բայց դրանք չեն կարող բեռնաթափումներ ու բեռնաբարձումներ իրականացնել Թուրքիայի հողի վրա: Նույն այդ արգելքը Հայաստանի տարածքում գործում է Թուրքիայի բեռնատարների համար»:
Ֆիլիպսն ընդգծում է, որ առևտրատնտեսական հարաբերությունների կարգարվորումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: «Շատ հայեր այսօր Արևելյան Թուրքիայի մշակութային վայրեր են այցելում Ռուսաստանի միջով: Եթե հայաստանցի զբոսաշրջիկները թույլտվություն ունենան հատելու (ավտոբուսներով) թուրք-հայկական սահմանը, ապա դա պարզապես հիանալի կլինի տեղական բիզնեսի զարգացման համար: Երևանի և Թուրքիայի Վան քաղաքի միջև չվերթերի իրականացումը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը: Պետք է վերանորգվի նաև Ախուրյան գետի վրայով անցնող Անիի կամուրջը, որը խորհրդանշում է կապը հայկական քաղաքակրթության և Անատոլական հարթավայրի միջև»,-գրում է նա՝ ընդգծելով, որ պետք է ընդլայնվի համագործակցությունը երկու երկրների առևտրային պալատների միջև, ինչպես նաև կապեր հաստատվեն երկու երկների քաղաքապետների մակարդակով:
«Քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածների(սեկտոր) միջև նման նախաձեռնություններն էական նշանակություն ունեն: Ավելին, դրանք կարող են խթանել պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, բայց չեն փոխարինի պաշտոնական դիվանագիտությանը»,- նշում է նա:
Փորձագետը հոդվածի եզրափակիչ հատվածում հիշեցնում է, որ Թուրքիայի և Հայաստանի պաշտոնայների միջև պաշտոնական որևէ հարաբերություն գոյություն չունի: «Հարաբերություններն էլ ավելի լարվեցին, երբ Թուրքիան առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր ու պարզեր, թե արդյոք 1915թ. դեպքերը Ցեղասպանություն են»,-նշում է փորձագետն ու Թուրքիայի առաջնորդին կոչ անում հարաբերությունների կարգավորմանն ուղվված քայլեր անել:
«Պատմությունը վերափոխելու փոխարեն Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարող է պատմություն կերտել և, որպես դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլ, կարող է հրաման արձակել՝ Հայաստանի հետ սահմանը բացելու և Հայաստանի հետ ուղևորափոխադրումների ու առևտրի հարցը կարգավորելու մասին: Ավելին, նա կարող էր հայ-թուրքական արձանագրությունները ներկայացնել Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը՝ անձամբ պաշտպանելով դրա վավերացումը:
Էրդողանը, անցյալի փորձը հաշվի առնելով, կարող է նաև կոչ անել Թուրքիայի խորհրդարանին վերացնելու Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը պատիժ է սահմանում թուրքական պետությունն ու թուրք ինքնությունը վիրավորելու համար, և օգտագործվում է սահմանափակելու համար խոսքի ազատությունը»,- գրում է Ֆիլիպսը և հավելում, -Նման հետադիմական օրենսդրության վերացումը թուրքերին կդարձնի ավելի ազատ, ինչը կնպաստի նաև Թուրքիայի՝ Եվրամիության ինտեգրմանը:
Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության մերժումը նսեմացնում է Թուրքիայի բարոյական նկարագիրը: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Էրդողանը պետք է ներողություն խնդրի հայերից Օսմանյան կայսրության մայրամուտին հայերի դեմ իրականցավածի համար: Հայաստանի հետ հաշտեցումը Թուրքիային կօգնի ամրապնդելու իր դերը որպես գերտերության տարածաշրջանում և որպես «բարի ուժի» աշխարհում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում