Տարոն Մարգարյանն այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային շրջայցով եղել է Նորք-Մարաշ վարչական շրջանում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև թիվ 123 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր ըստ էության վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է: Սա կլինի թվով երրորդ հիմնանորոգված մանկապարտեզը, ինչն իսկապես կթեթևացնի այդ գծով առկա պահանջարկը: Քաղաքապետը շրջել է նաև մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել փոքրիկների առօրյային: Ըստ աղբյուրի, մանկապարտեզի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին’ ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Պատասխանատուները զեկուցել են, որ առաջիկայում կմեկնարկեն նաև թիվ 124 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները և արդեն տարեվերջին Նորք-Մարաշում ամբողջությամբ կլուծվի մանկապարտեզների հիմնարորոգման խնդիրը:

Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ-ի ծրագրերով այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 27 մանկապարտեզ.

«Վարչական շրջաններում մեկնարկել են որոշ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները: Մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ մի քանի տարվա ընթացքում փորձենք ամբողջովին հիմնանորոգել մանկապարտեզները, որպեսզի դրանք հարմարավետ լինեն ոչ միայն երեխաների, այլև աշխատակիցների համար: Զուգահեռ այս տարի բյուջեով նաև մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար ենք միջոցներ նախատեսել և մեր նախակրթարանների համար ձեռք ենք բերելու անհրաժեշտ բոլոր պարագաները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանում փաստացի գրանցում ունեցող երեխաների համար քաղաքապետարանի ծրագրով մանկապարտեզները կշարունակեն լինել անվճար:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թիվ 26 դպրոցին հարակից տարածքում նախատեսվող ֆուտբոլի խաղադաշտի կառուցման ծրագրի ու տարածքի բարեկարգման մանրամասները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում