ՀՀ դեսպանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարարին

Մարտի 27-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ’ կողմերը կարեւորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը: Դեսպան Այվազյանը առաջարկեց դիտարկել արդարադատության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչպես նաեւ 2014թ. ընթացքում փոխայցելությունների կազմակերպումը, ինչը գոհունակությամբ ընդունվեց լիտվական կողմից:

Զրուցակիցները անդրադարձան նաեւ 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության հարցերին: Նախարար Բեռնատոնիսը տեղեկացրեց, որ Լիտվայի նախագահության ընթացքում’ 2013թ. հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, Լյուքսեմբուրգում կազմակերպվելու է ԵՄ անդամ-պետությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների համաժողով’ հույս հայտնելով միջոցառման շրջանակներում հանդիպելու իր հայ գործընկերների հետ: Կողմերը քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում