Վլ. Գասպարյան. Ոստիկանությունն այսօր նորովի է մտածում

Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ «Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ: Այս մասին ասվում է ոստիկանության մամուլի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հայերի և եզդիների միջև միշտ էլ ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել: «Հայաստանը ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է, ու մենք պետք է աջակցենք միմյանց, ամեն մեկն իր տեղում պետք է օգնի, որ այն դառնա ապահով, բարեկեցիկ երկիր: Եկեք մեր շահը դարձնենք մեր երկրի բարեկեցությունը»,- ասել Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության պետը նշել է, որ առաջիկայում ոստիկանությունում ձևավորվելիք հասարակական խորհրդում կընդգրկվի նաև եզդի համայնքի ներկայացուցիչ։ Բացի այդ՝ ոստիկանությունն այսուհետ առավել կակտիվացնի համագործակցությունը ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ:

Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ ոստիկանությունն այսօր նորովի է մտածում, ոստիկանության միտքը, պահվածքը, գործելաոճը փոխվում են, ոստիկանությունն այսօր վստահաբար ծառայում է հանուն օրենքի ու ժողովրդի:

Հյուրերն իրենց հերթին հավաստիացրել են, որ եզդիները պատրաստ են համագործակցել ոստիկանության հետ՝ հանուն հասարակական անվտանգության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում