ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունն ու ԲՀԿ-ի վերակենդանացումը

Վերջին օրերին ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը նոր թափ է ստացել: Վերոնշյալ երկու քաղաքական ուժերի հակամարտությունը երբեմն ավագ սերնդի կուսակցականների դաշտից նաև տեղափոխվում է երիտասարդ կուսակցականների հակամարտության հարթություն: Հակադարձումները ծավալվում են նաև սոցցանցերում՝ կուսակցականների Ֆեյսբուքյան գրառումների մակարդակով և այլն:

Արդյոք ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության՝ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին նոր թափ ստանալու փաստը չի՞ վկայում այն մասին, որ նպատակ է դրված ԲՀԿ-ին ընդդիմադիրի կերպարով ներկայացնելու: «Առավոտի» այս դիտարկմանն արձագանքելով՝ Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց հենց ԲՀԿ-ական գործընկերներից հետաքրքրվել՝ իրենք ընդդիմությո՞ւն են, այլընտրա՞նք, թե՞ ուզում են ինչ-որ կերպարի մեջ մտնել: Անդրադառնալով փոխհրաձգության հանգամանքին՝ պարոն Շարմազանովը նշեց. «Հանրապետական կուսակցությունը հրաձգություն չի նախաձեռնել, հրաձգությունների էլ չի մասնակցում: Մենք բոլոր քաղաքական ուժերին կամ թվացյալ քաղաքական ուժերին ու նրանց ոչ քաղաքական արձագանքներին հստակ պատասխան ենք տալիս կոռեկտության սահմաններում: Հանրապետական կուսակցությունը միշտ էլ կարծել է, որ քաղաքականության մեջ կոռեկտությունը անհրաժեշտ կատեգորիա է: Ինչ վերաբերում է հրաձգություններին, ապա Դուք էլ լավ գիտեբ, որ ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական քաշային լուրջ տարբերություն կա»:

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ նշեց, որ սա փաստացի ԲՀԿ-ի գործելաոճն է, որպեսզի կարողանա ընդդիմության որոշ զանգվածի ձայներն իր կողմը քաշել: Այնուհետև Կ. Ավագյանը նկատեց. «ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելը իմքնին այդ ուժի համար մեծ կորստի հանգեցրեց: Ուստի չեմ կարծում, թե որևէ մեկը նման գործընթաց պիտի իրականացնի ԲՀԿ-ի համար՝ իրենցից բացի: Խոսքս ընդդիմադիր դաշտում որոշակի հավատ ներշնչելու մասին է, որն իրենք այս ընթացքում կորցրել են»: Դառնալով ԲՀԿ-ի հռետորիկային մինչ խորհրդարանական ընտրությունները՝ Ավագյանը նկատեց, որ դրա արդյունքները մենք տեսել ենք: Նա նշում է, որ ԲՀԿ-ն այսօր կրկնում է այն հռետորիկան, որը կիրառում էր մինչ նախագահական ընտրությունները, երբ անընդհատ ինչ-որ հայտարարությունների ձևով փորձում էին քաղաքական դիվիդենդներ հավաքել: Ուստի ըստ Կ. Ավագյանի՝ կանխատեսելի է, թե նման հոետորիկայի կիրառումը ինչի կհանգեցնի ավազանու ընտրություններում: Պարոն Ավագյանն այս առիթով ասաց. «Փաստ է, որ այդ հռետորիկան մեր իրականության մեջ որևէ խնդիր չի կարող լուծել: Ամեն դեպքում ավագանու առաջիկա ընտրությունները քաղաքական ուժի վերակենդանացման համար այս ժամանակահատվածում վերջին շանսն է, քանի որ այլ գործընթացներ, որոնք իրենք սկսել էին խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, իրենց արդեն սպառել են»: Կ. Ավագյանը չի կարծում, թե ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգություն է տեղի ունենում, և հիմնավորում է. «Տեսնում ենք, թե ովքեր են ԲՀԿ-ից խոսում, և ինչքանով են նրանք ասոցացվում ԲՀԿ-ի հետ, ես չէ, որ դա պիտի ասեմ: Ամեն դեպքում ինձ համար հարց է՝ եթե ասելիք կա, ինչո՞ւ է լռում իրենց կուսակցության ղեկավարը, կամ գոնե Իվետա Տոնոյանը, գոնե Նաիրա Զոհրաբյանը: Սա մեկ բառով կարող եմ բնութագրել՝ որպես քաղաքական ձախողված դիվերսիա, երբ փորձ է արվում իրականացնել սահմանի խախտում: Իսկ սահմանի խախտման ցանկացած ղեպք հետապնդվում է օրենքով: ՀՀԿ-ն երբեք թույլ չի տա, որ որևէ սահման՝ կլինի դա քաղաքակրթության, քաղաքական հանդուրժողականության, կոռեկտության, քաղաքական մշակույթի, թե նմանատիպ այլ սահմաններ, խախտվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում