Վերջնագրերը նվազեցնում են առաջարկության արդիականությունը

«Հայոց աշխարհը» անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին և նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի երեկվա արձագանքին, գրել է. «Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել էր, կներեք նման արտահայտության համար, առաջարկությունների երկուսուկես տարբերակ։ Հիմա դրանցից ո՞րն է որից անբաժանելի։ …Կարծում ենք, թե պետության կառավարման տեսանկյունից, թե երկրի քաղաքական դաշտի առողջության առումով այնքան էլ ճիշտ կամ արդարացված չի լինի, եթե իշխանությունը «Ժառանգությանը» ներգրավի իշխանության մեջ։ Չէ՞ որ, եթե, ասենք, այս կամ այն նախարարը կամ 5 մարզպետներ նշանակվեն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով, դա կնշանակի, որ նա մաս կազմեց իշխանությանը։ Արդյունքում, քաղաքական դաշտում կդադարի «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գործունեությունը, որովհետև դա կանոն է՝ դու կամ իշխանության մեջ ես, կամ ընդդիմություն։

Կարծում ենք նաև, որ երկրի ղեկավարը պարզորոշ ուրվագծել էր հնարավոր քննարկման նյութը։ …Ինչ վերաբերում է նախագահի մամուլի քարտուղարի երեկվա արձագանքին, ապա այստեղ ևս հստակ են ձևակերպված հիմնական շեշտադրումները։ Եթե հակիրճ, ըստ էության, սա կոնկրետանալու որոշակի ակնարկ է։ Այսինքն՝ ժամանակն է, որ տեղի ունենա նախագահ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպում-երկխոսությունը, որի ժամանակ էլ նրանք հանգիստ, աշխատանքային պայմաններում, ինչպես ասվել էր՝ «թուղթ ու գրիչով» կնստեն ու կքննարկեն դիտարկվող առաջարկների քննարկման ենթակա դիտվող բովանդակությունը։ Միանգամայն տեղին է նաև շեշտադրումը, որ նախագահի հանդիպումները տեղի են ունենում նախագահական նստավայրում։ Հովհաննիսյանը նորից շեշտում է իր հացադուլի պահն ու հրապարակում հանդիպելու ցանկությունը, որն արդեն ավելի շատ քմահաճույքի է նմանվում։ Դա լուրջ չէ։ «Ոտքի վրա» նման հարցեր չեն քննարկում, եթե ավելին չասվի։ Այնինչ, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես շոուի կողմնակից է՝ տեսախցիկներ, համարյա ուղիղ եթեր։ Այդ ամենը լավ է նախընտրական քաղաքական բանավեճերի ժամանակ։ Բայց հազիվ թե ուղիղ եթերում հանդիպումը գործնական որևէ բան տա, եթե մարդիկ կարծես ոչ թե բանավեճի են պատրաստվում, այլ լուրջ քննարկման, եթե կուզեք՝ բանակցությունների։ Եթե իհարկե, Ր.Հովհաննիսյանն իսկապես քննարկելու բան ունի, ապա իմաստ ունի՞ «ձգել ռետինը»»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում