Ո՞վ է ասում, որ պաշտոնը մարդու սեփականությունն է

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությանը, թերեւս, առավել ուշադիր հետեւում են պաշտոնյաները, որոնց անունները «Ժառանգության» առաջնորդը շոշափել է Սերժ Սարգսյանին ներկայացրած իր առաջարկներում’ պահանջելով նրանց փոխարեն նշանակել ժողովրդի’ իր ներկայացուցիչներին: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հայտնի է նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախեւառաջ պահանջում է ընտրակեղծարար մարզպետների հրաժարականը: Արարատի մարզում Սերժ Սարգսյանը ստացել էր 76,4 տոկոս ձայն: Այս ցուցանիշով Արարատի մարզը զիջում է միայն Գեղարքունիքի մարզին, որտեղ Սերժ Սարգսյանն ստացել է 79,7% ձայն, իսկ այս մարզին հաջորդում է Սյունիքը’ 65,1% տոկոս ձայնով: Ինքը’ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը’ Լոնդիկ, հայտարարում է, թե Սերժ Սարգսյանի ցանկացած որոշում իր համար ընդունելի է:

Պարոն Բարսեղյան, Սերժ Սարգսյանը դրական է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջ-նամակին’ ընտրախախտներին պատժելու եւ իր ներկայացուցիչներով փոխարինելու հետ կապված: Մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է Ձեր պաշտոնանկության հարցը դրվի:

Պաշտոնանկության հետ կապված բացարձակապես ես մտավախություն չունեմ, եւ ոչ էլ վատ կզգամ, որ ինձ պաշտոնանկ անեն, բայց’ ոչ կեղծիքների համար: Մենք ոչ մի կեղծիք չենք կատարել եւ չենք էլ պատրաստվում կատարել: Եթե որեւէ խնդիր եղել է, որ իրավապահ մարմինների ուշադրությանն ա արժանացել, ես կողմ եմ ամենայն խստագույնս պատժելուն:

Ձեր մարզում իշխող կուսակցության թեկնածուն բավական շատ ձայներ է ունեցել, նաեւ ընտրախախտումներն ամենից շատ Ձեր մարզում են գրանցվել: Եթե հրաժարական լինի, չե՞ք կարծում, որ Ձեր անունը, այսպես թե այնպես, կապվելու է ընտրակեղծարարության հետ:

Բացարձակապես, որովհետեւ մեր մոտ ընտրակեղծարարություն չի արվել: Երկրորդ’ խախտումները կեղծիքների հետ կապված չի եղել: Եղել է խախտում, որ հանձնաժողովի նախագահը, կարող է, կոպիտ է վերաբերվել ընտրողի հետ, եղել է խախտում վստահված անձի հետ կապված, բոլորին էլ իրավապահ մարմինները գնահատական են տվել: ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, եւ քննություն է կատարվում:

Պարոն Բարսեղյան, Դուք նախկինում եղել եք նաեւ Սյունիքի մարզպետը եւ միշտ ծառայել եք գործող իշխանությանը, կարծում եք’ այս փուլում իշխանությունը Ձեզ կդնի՞ զոհասեղանին’ ինչ-որ խնդիր լուծելու համար: Ի վերջո, Սերժ Սարգսյանը կբավարարի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը:

Սերժ Սարգսյանի ցանկացած որոշում ինձ համար ընդունելի է: Ուրի՞շ:

Եթե ինքը որոշի Ձեզ «զոհել», դուք պատրա՞ստ եք:

Այսինքն’ ի՞նչ է նշանակում’ զոհել, իսկ ո՞վ ա ասում, որ պաշտոնը մարդու սեփականությունն է:

Սեփականություն չէ, բայց չէ՞ որ Դուք բավական ժամանակ ծառայել եք իշխանությանը:

Ես իշխանության մնալու համար չեմ աշխատել: Ես աշխատել եմ մեր երկրի, մեր պետության, մեր պետականության համար: Ես աշխատել եմ հանրապետության նախագահի համար, որի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը ինձ համար շատ ընդունելի է: Եվ ես մեր մարզում կատարում եմ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը:

Ընտրությունների ժամանակ է՞լ եք Սերժ Սարգսյանի համար աշխատել:

Բա էլ ում համար եմ աշխատել: Ես ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն եմ եւ ի պաշտոնե պարտավոր եմ աշխատել ՀՀԿ նախագահի համար եւ ՀՀԿ-ի թեկնածուի համար»,- մեջբերում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում