Մարզպետները Տարոնի քարոզով են զբաղված

Այս օրերին ՀՀ գրեթե բոլոր մարզպետները «լծվել» են Երևանի ավագանու ընտրություններում իրենց վրա «դրված» ձայների ապահովմանը: Մարզպետներն իրենց մոտ են «հրավիրում» մարզի դպրոցի տնօրեններին, մանկապարտեզների վարիչներին, մարզպետարանի աշխատակիցներին և բոլորին հրահանգում, որ երևանաբնակ հարազատների ցուցակները ներկայացնեն իրենց ու բոլոր բարեկամներին զգուշացնեն, որ իրենց ձայնը տան Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի մարգպետների հետ:

Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ԱԱՀԱԿՅԱՆ

– Պարոն Սահակյան, նախօրեին մարզպետարանում ի՞նչ նիստ եք հրավիրել, որին մասնակցել են դպրոցի տնօրենները, մանկապարտեզների վարիչները, մարզպետարանի աշխատակիցները:

– Դա վաղը չէ մյուս օրն է լինելու: Կրթական համակարգին է վերաբերելու այդ նիստը, ժամը 12:00-ին է, կարող եք գալ ու ներկա լինել:

– Մեր տեղեկություններով՝ Դուք, բացի այդ նիստից, նախօրեին ևս նիստ եք հրավիրել ու բոլորին հրահանգել, որ իրենց երևանաբնակ հարազատների ցուցակը ներկայացնեն ու նրանց էլ «հորդորեն», որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տան ՀՀԿ-ին, այսինքն՝ Տ. Մարգարյանին:

– Վաղը չէ մյուս օրն ա նիստը լինելու:

– Այսինքն՝ ա՞յդ օրն եք ընտրությունների հետ կապված հրահանգներ տալու:

– Այ մարդ, ի՞նչ ընտրություն, էդ Ձեր ասած նիստը դեռ չի եղել, նոր պիտի լինի: Մենք տարեկան մի քանի անգամ էդ կոլեգիալ նիստերն ենք անում՝ տնօրենների, սանիտարական միամսյակի, կրթական համակարգի խնդիրների հետ կապված: Խնդիրներ կան, ծրագրեր կան, որոնց մասին էլ քննարկումներ ենք կատարում:

– Իսկ Դուք, Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված, Ձեր հարազատ կուսակցությունից հանձնարարականներ ստացե՞լ եք, որքա՞ն ձայն է Ձեզ վրա «դրված», որը պետք է ապահովեք:

-Ո՞նց կարող ենք մենք ընտրություններին չխառնվել, բա որ ընտրությունների օրը մոտեցավ… Բա մեր մայրաքաղաքն է:

– Բայց կոնկրետ ի՞նչ եք անելու, խնդրում եմ՝ ավելի մանրամասն ներկայացրեք Ձեր պատասխանատվության չափաբաժինը:

– Չէ, պատասխանատվություն չկա, որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ ինձ համար հետաքրքիր ա:

– Նշեցիք, որ անպայման «խառնվելու» եք ընտրություններին, ինչպե՞ս եք պատկերացնում այդ «խառնվելը»:

– Դուք ո՞նց եք մտածում, որ ես խառնվեմ… Ընկեր, բարեկամ, հարազատներ… Բա պիտի ասեմ, բա ի՞նչ պիտի անեմ: Հարազատների անունները տա՞մ. Վարդանուշին էլ եմ ասելու, ի՞նչ անեմ, էլի՞ անուններ թվարկեմ, էլ ո՞նց ասեմ: Այո՛, իմ հարազատներին, ընկերներին, մտերիմներին, բարեկամներին ասելու եմ: Բացի իմ բարեկամներից, ուրիշներին չեմ ասում, որ իրենց ձայնը տան Տ. Մարգարյանին:

– Իսկ Դուք գո՞հ եք Տ. Մարգարյանի կատարած աշխատանքից, որ Ձեր բարեկամներին «ստիպում» եք իրենց ձայնը տալ նրան:

– Շատ: Տ. Մարգարյանը եզակի մարդ է, լավ ղեկավար, ես Երևանում տեսնում եմ, թե ինչ մաքուր վիճակ է, փողոցները, լուսավորությունը, բակերի բարեկարգումը: Ո՞նց կարող եմ գոհ չլինել:

– Բայց Տ. Մարգարյանի գործունեությունից դժգոհությունները շատ են:

– Ես հակառակը կասեի, ես գիտեմ, որ մեծամասնությունն այսօր հարգում և գնահատում է Տ. Մարգարյանի կատարած աշխատանքը: Հոգնած եմ էլի, էլ հարցեր մի՛ տվեք:

Լոռու մարզպետ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

– Պարոն Նալբանդյան, մարզպետարանում ի՞նչ ժողովներ եք հրավիրել՝ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված:

– Ժողով չենք հրավիրել:

– Տեղեկություններ կան, որ բոլորին հրավիրում եք Ձեզ մոտ ու հրահանգում, որ նրանք իրենց երևանաբնակ հարազատներին «ստիպեն», որպեսզի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տան Տ. Մարգարյանին:

-Դա իրականությանը չի համապատասխանում:

– Իսկ Դուք Երևանի ավագանու ընտրություններին որևէ մասնակցություն ունենալո՞ւ եք, օգնելո՞ւ եք Ձեր հարազատ կուսակցությանը:

– Քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, բնականաբար, այս պահին մասնակցություն չունեմ, բայց որ սկսվի քարոզարշավը, իհարկե, իմ կուսակցությանն օգնելու եմ: Իմ հարազատներին, բարեկամներին քարոզելու եմ, որ մեր կուսակցությանը ձայն տան: Համենայնդեպս, Երևանում քիչ հարազատներ ու բարեկամներ չունեմ: Փորձում ենք ճիշտ ուղղություն տալ, որպեսզի կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին իրենց ձայները տան:

– Օրինակ՝ կնշե՞ք, թե ում եք նման հորդորներ «տվել»:

– Մեր բոլոր լոռեցիներին:

Տավուշի մարզպետ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆ

– Պարոն Ղուլարյան, Դուք հրահանգե՞լ եք Ձեր աշխատողներին, որպեսզի իրենց երևանաբնակ հարազատներին ասեն, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տան Տ. Մարգարյանին:

– Հիմա մենք ընտրում ենք ավագանի, որը կուսակցական ընտրություն է, իսկ ես էլ հանրապետական եմ, պետք է նպաստե՞մ ընտրություններին, թե՞ չէ: Ես իմ հնարավորություններով ինչքան որ Երևանում ունեմ բարեկամ, ընկերներ, իրենց եմ ասում: Իսկ մյուսների հետ կապված՝ սխալ տեղեկություն է: Այսքանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում