Ինչպե՞ս արդարաբար կիսել ՀԱԿ միակ ունեցվածքը. մամուլ

Հայտնի է, որ Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ երեք կուսակցություններ միացել են «Բարև, Երևան» նախընտրական դաշինքին, որի առանցքը «Ժառանգություն» կուսակցությունն է: Այդ երեք կուսակցություններն են «Ժողովրդավարական Հայրենիքը», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը և Պահպանողական կուսակցությունը: ՀԱԿ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, և հայտնի չէ, թե ՀԱԿ դաշինքի քանի՞ կուսակցություն է սատարում այս կուսակցությանը:

«168 ժամը» գրում է, որ թվում է, թե որևէ արտառոց բան չկա, այս նախկին դաշնակից կուսակցություններից յուրաքանչյուրը ինքնուրույն կարող է որոշել, թե ինչպե՞ս մասնակցել ընտրություններին: Բայց, այնուամենայնիվ, մի հարց մտահոգում է բոլորին, որի մասին առայժմ ոչ մեկը չի բարձրաձայնում: Հայաստանի «Ընտրական օրենսգրքով» տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են կուսակցական սկզբունքով՝ Աժ-ում ներկայացված խմբակցություններից յուրաքանչյուրը մեկական ներկայացուցիչ է նշանակում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Սա նշանակում է, որ ՀԱԿ դաշինքն իրավունք ունի նշանակել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Բայց բաց է այն հարցը, թե ո՞ւմ է վերապահված այդ իրավունքը, քանի որ այդպիսի դաշինք այլևս գոյություն չունի:

Նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը հանդես էր գալիս՝ որպես միասնական կառույց, այդ դաշինքի անդամները համաձայն էին, որ չեն մասնակցում ընտրություններին և չեն պաշտպանում որևէ թեկնածուի, իսկ ՀԱԿ-ի կողմից նշանակված ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց անմնացորդ նվիրում են քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությանը: Թե իրականում դա ինչպես արտահայտվեց, պարզ է հենց միայն նրանով, որ ՀԱԿ անդամները միասնաբար ստորագրեցին տեղամասային հանձնաժողովներում կազմված արձանագրությունների տակ՝ դրանով վավերացնելով ընտրությունների արդյունքները: Իսկ ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսինքն ՀԱԿ-ի կողմից նշանակված ՏԸՀ-ում այնքան էլ աչալուրջ չէին եղել քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության հարցում:

Բայց վերադառնանք Երևանի խորհրդի ընտրություններին, որի կազմակերպման համար պետք է կազմավորվեն նոր տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Այստեղ հարց է առաջանում, իսկ ո՞վ պետք է ներկայացնի ՀԱԿ դաշինքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, երբ դաշինքի անդամների մի մասն ընդհանրապես չի մասնակցում ընտրություններին, մյուսները հայտնվել են հակադիր ճամբարներում: Կարող են ասել, որ հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունքը ՀԱԿ դաշինքից անցնում է նրա իրավաժառանգորդ ՀԱԿ կուսակցությանը, որը մասնակցում է ընտրություններին: Իրականում ՀԱԿ կուսակցությունը ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է այնքանով, որքանով այդ դաշինքի անդամ 10 կուսակցություններից յուրաքանչյուրը: ՀԱԿ դաշինքը կազմավորվել է 10 կուսակցություններից, այն ԿԸՀ-ում գրանցված է որպես 10 հավասարազոր կուսակցությունների միավորում, և այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ունի նույնպիսի իրավունքներ, ինչպես ՀԱԿ կուսակցությունը, որն ինքնակամ, առանց մյուսների կարծիքը հաշվի առնելու, սեփականաշնորհել է ՀԱԿ անվանումը:

Արդյոք ԺՀԿ-ն, ԺՈՒԿ-ը կամ Պահպանողական կուսակցությունը պահանջելո՞ւ են, որպեսզի իրենց ևս հնարավորություն տրվի հանձնաժողովի անդամներ առաջադրել: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «168 ժամի» հետ զրույցում ասում է, որ, իհարկե, այդ հարցին անդրադառնալու ժամանակը ևս կգա: Նա համարում է, որ ՀԱԿ դաշինքին անդամակցող կուսակցություններից յուրաքանչյուրը պետք է ունենա հավասար իրավունք՝ նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Այլ բան է իրավունքը, և բոլորովին այլ բան դրա իրացման հնարավորությունը: Արդյո՞ք ԺՀԿ-ին կտրվի նման իրավունք: Պետրոս Մակեյանը համոզված է, որ այդ իրավունքն իրենցից որևէ մեկը չի կարող վերցնել, քանի որ իրենց կուսակցությունը ՀԱԿ դաշինքի նույնպիսի անդամ է, ինչպես ՀՀՇ-ն կամ ՀԺԿ-ն:

«Առաջիկայում մենք պատրաստվում ենք այդ հարցը բարձրացնել, որպեսզի հնարավորություն ունենանք մեր ներկայացուցիչներին նշանակել տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Չեմ կարծում, թե այդ հարցում որևէ խնդիրներ կառաջանան»,- համոզված պնդում է Պետրոս Մակեյանը:

Նույնպիսի լավատեսություն ունի նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ով ևս համոզված է, որ իր ղեկավարած կուսակցությունը հնարավորություն է ունենալու ընտրական հանձնաժողովներում սեփական ներկայացուցիչները նշանակելու: «Երևանում ձևավորվել են 465 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ դաշինքին մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա նշանակելու 46 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Սա մեր կարծիքով՝ տեխնիկական խնդիր է, որն առաջիկայում պետք է լուծվի»,- ասում է Մանուել Գասպարյանը:

Եթե առաջնորդվելու լինենք այս տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ ՀԱԿ կուսակցությունն ունենալու է ընդամենը նույնքան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որքան ԺՀԿ-ն կամ ԺՈՒԿ-ը: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Լևոն Զուրաբյանն այդքան հեշտ ու կամավոր կարող է հանձնաժողովներում անդամներ նշանակելու իրավունքը զիջել այլ կուսակցությունների: Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ ՀԱԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի անդամները կենաց ու մահու պայքար են մղելու՝ հանուն ընտրությունների արդարության: Ինչպես նշեցինք, նախագահական ընտրությունների օրինակը ցույց տվեց, որ ոչ մի նման հարց չի առաջացել, և չի եղել ՀԱԿ անդամ որևէ հանձնաժողովի անդամ, ով ընդվզել է ընտրակեղծիքների դեմ: Եթե հանձնաժողովի անդամի տեղերն առուծախի առարկա են, ապա ՀԱԿ-ում շահագրգռված են, որ հենց իրենք լինեն առևտրական հարաբերությունների կողմ: Այդ դեպքում կարելի է ավելի մեծ առևտրային կոմիսիոններ վաստակել, ինչը չի կարող լինել, եթե այդ իրավունքը զիջում ես այլ կուսակցությունների:

Դրա համար մենք առաջիկայում ականատեսը կլինենք ՀԱԿ միակ իրական ժառանգության՝ տեղամասային հանձնաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու իրավունքի վիճարկմանը: ՀԱԿ կուսակցությունում կփորձեն դա իրենց մենաշնորհը հռչակել, բայց մյուս կուսակցությունների պահանջն՝ արդարաբար կիսել հանձնաժողովի տեղերը, հնարավոր չէ անտեսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում