Օսկանյանը չպետք է մոռանա, որ տարիներ շարունակ մամուլի ազատությունը խեղդողների շարքում է եղել

Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ի խմբագրականում գրում է. «… ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե պրն Օսկանյանը դառնա Երևանի քաղաքապետ՝ գրագետ, կրթված մարդ է, կարողանում է մտքերը հասկանալի ձևով շարադրել: (Չնայած ինձ ավելի հոգեհարազատ է ՀԱԿ-ի ցուցակը՝ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ):

Պարզապես քաղաքական գործիչները չպետք է հույսը դնեն մարդկանց կարճ հիշողության վրա և երբ նրանք, մասնավորապես՝ պրն Օսկանյանը, այսօր պայքարում են մամուլի ազատության համար, նրանք չպիտի մոռանան, որ տարիներ շարունակ ազատության խեղդողների շարքերում էին:

Երեկ Վարդան Օսկանյանը հավաքել էր օտարերկրյա դեսպաններին և ներկայացրել «Սիվիլիթասի» հետ կապված իրավիճակը: Դեսպաններն իրենց աջակցությունը հայտնեցին նախկին արտգործնախարարին: Ինքնին դա, անշուշտ, դրական երևույթ է: Բայց արդյո՞ք այդ հանդիպման ժամանակ պարոն Օսկանյանը չհիշեց, թե 6 տարվա ընթացքում’ 2002 թվականի ապրիլի 2-ից սկսած, երբ իր նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել էր եթերից «Ա1+»-ը, նա’ որպես ԱԳ նախարար, քանի՞ դեսպանի, քանի՞ միջազգային կազմակերպության է բացատրել, որ Հայաստանում խոսքի ազատությունը չի ճնշվում, որ «Ա1 +»-ը պարզապես պարտվել է մրցույթում: Քանի՞ անգամ է նա այդպիսով արդարացրել խոսքի ազատության շատ ավելի վայրագ հարձակումը, քան իրականացվում է այսօր:

Իհարկե, մենք’ «Ա1+»-ի աշխատակիցներս, այդքան մտերիմ չենք դեսպանների հետ և հնարավորություն չունենք նրանց հավաքելու մեր խնդիրների համար’ մեր շրջապատն ավելի համեստ է: Բայց, ենթադրենք, Քոչարյանի օրոք մեզ հաջողվեր նման հանդիպում կազմակերպել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի տոնայնությամբ դրան կանդրադառնային «ազատ, բայց պատասխանատու հեռուստաընկերությունները»’ «հինգերորդ շարասյուն», «ազգադավ ՀՀՇ-ականների դավադրություն» և այլն: Հիմա նման հիմարություններ գրեթե չեն խոսում: Սա է տարբերությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում