ՄԻՊ-ը միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկել է ազատազրկման վայրերում մշտադիտարկման արդյունքները

Ծաղկաձորում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության շրջանակներում մայիսի 20-21-ը անց է կացվում երկօրյա դասընթաց «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկում. առանձնազրույցների անցկացման մեթոդներ, ստացված տեղեկությունների արձանագրում, այցերի վերաբերյալ զեկույցների կազմում» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների, պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ դասընթացը վարում են Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի անդամ հանդիսացող միջազգային փորձագետները:

Քննարկման առարկա են ազատազրկման վայրերում մշտադիտարկման գործընթացում առանձնազրույցների անցկացման մեթոդաբանությունը. մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույց անցկացնելու մասնագիտական եղանակները առանց անձանց կրկնազոհացման ենթարկելու և հոգեբանական ճնշում գործադրելու:
Դասընթացի առանցքում խոցելի խմբերն են. խոշտանգման զոհերի, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, կանանց, անչափահասների հետ առանձնազրույցներում հանդիպող յուրահատուկ մարտահրավերները, ինչպես նաև այդպիսի առանձնազրույցներ անց կացնելու հատուկ էթիկական չափանիշները:

Մոնիթորինգային այցերի արդյունավետության տեսանկյունից առավել կարևորվել են արդյունքների ամփոփումը, դրանց հիման վրա թիրախային առաջարկությունների մշակումը և ներկայացումը իրավասու պետական մարմիններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում