Այսօր կկատարվի Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը’ Խավարման կարգը

Այսօր երեկոյան ուշ բոլոր եկեղեցիներում կատարվելու է Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը’ Խավարման կարգը: Իրականում այն Ավագ ուրբաթի արարողություն է, սակայն կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան:

Այս արարողությանը եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը.

Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Մեկ կողմ դնենք մեր բոլոր զբաղումներն ու գործերը, մեր քայլերն ուղղենք դեպի մոտակա եկեղեցի, և մասնակցությունը Խավարման կարգին, հավատացեք, կվերափոխի ձեր ողջ կյանքը:

Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան էջում գրառում է թողել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում